Հակակոռուպցիոն քրեական դատարանում հունվարի 7-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախորդ դատական նիստին Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն էր ներկայացրել գործում առկա հետազոտված փաստական տվյալները որպես արտավարույթային փաստաթուղթ ճանաչելու մասին։
Այս նիստին նախքան հանրային մեղադրողի եզրափակիչ ելույթին անցնելը, նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն անդրադարձավ վերոնշյալ միջնորդություններին։
Դատախազ Արմեն Գևորգյանը իր եզրափակիչ ելույթը հետևյալ կերպ սկսեց․ «Գտնում եմ, որ նախաքննության մարմնի կողմից մեղադրյալներին ներկայացված մեղադրանքները հիմնավորվել են նախաքննությամբ ձեռք բերված, հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցներով, նրանց մեղսագրված արարքները ճիշտ են որակված, պաշտպանում եմ ներկայացված մեղադրանքները»։
Գևորգյանը ներկայացրեց մեղադրյալներից յուրաքանչյուրին մեղսագրվող ենթադրյալ արարքների կատարման վերլուծությունը, նշեց, թե ինչ հետևանքներ են ունեցել վերջիններիս կատարած քայլերը, որոնք տեղի են ունեցել «օրենքի և դատարանի առջև հավասարության սկզբունքի խախտմամբ»։ Ըստ մեղադրանքի կողմի՝ Արուսյակ Ալեքսանյանն այս քրեական գործի շրջանակներում դուրս է եկել իրեն տրված արդարադատության իրականացման բացառիկ լիազորությունների տիրույթից, օգնականի՝ Թամարա Պետրոսյանի օժանդակությամբ կայացրել ակնհայտ անարդար դատական ակտ՝ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխելով։
Դատախազը առանձին-առանձին հղում կատարեց այն ապացույցներին, մեղադրյալների կողմից հնչեցված հայտարարություններին, ցուցմունքներին, որոնցով ևս հիմնավորվել է մեղադրական ճառը։ Նշենք, որ մեղադրյալներ Արուսյակ Ալեքսանյանը և Էրիկ Ալեքսանյանը նախաքննության և դատաքննության ընթացքում իրենց մեղավոր չեն ճանաչել, հրաժարվել են ցուցմունք տալ։
Մեղադրյալ Թամարա Պետրոսյանը ևս հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, ցուցմունքով նշել՝ միջնորդությունը իր աշխատասենյակում գրասենյակի աշխատկցից է ստացել, իրականում այն ստացել է 18:01-ին, սակայն նշել է 16:01, այն պատշաճ մակագրվել է Արուսյակ Ալեքսանյանին, և գրասենյակի որևէ աշխատակից պահանջ չի ներկայացրել միջնորդությունը վերադարձնելու։
«Սեպտեմբերի 17-ին, ի թիվս այլ միջնորդությունների, ստացել եմ Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ գրավոր միջնորդություն, տվյալ միջնորդությունը ստացել եմ գրասենյակի աշխատակցի կողմից։ Միջնորդությունը ստացել եմ, համապատասխան մատյանում ֆիքսել եմ միջնորդության ստացման ժամը, մատյանում նշված էր 16։01։ Իրականում, ես միջնորդությունը ստացել եմ 18։01, բայց քանի որ համակարգիչներում ժամը ֆիքսում է ոչ թե 18։01, այլ՝ 6։01, աշխատանքային ծանրաբեռնվածության և այլնի արդյունքում թույլ եմ տվել տեխնիկական վրիպակ, ու պետք է նշեի 18։01, 6։01-ը տեսել եմ, նշել եմ 16։01»,-հայտնել էր Պետրոսյանը։
Դատախազը նաև անդրադարձավ ՕՀՄ արդյունքներին․ «Ներքին դիտում ՕՀՄ արդյունքներով արձանագրվել է, որ 2022 թվականի օգոստոսի 25-ին Արուսյակ Ալեքսանյանը համացանցային հավելվածի միջոցով զրուցել է անհայտ անձի հետ և հայտնել հետևյալը․
– Ոպշըմ, ասեցի, ասում ա՝ հլը ծանոթ չեմ, եթե հնարավոր ա, ամեն ինչ կանեմ, ասի՝ դե գոնե գրավ էլի, ասեց՝ լավ, հլը թող նիստը լինի, դաժե, եթե փակի էլ, էնքան միջնորդեն, մեկն ընկնի իմ մոտ, տամ։
Նույն օրը «Աջափնյակ 1» նստավայրի դատավոր Արմեն Շիրոյանի կողմից քննվել է Սերգեյ Գրիգորյանի (Ֆազ) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, որը դատարանի կողմից բավարարվել է։
«Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դեռևս 2022 թվականի օգոստոսի 25-ին նպատակադրվել է ամեն կերպ հասնել Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ կալանքը չկիրառելուն, այդ կապակցությամբ օգտագործեով նաև իր իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունը։ Այդ հանգամանքը հաստատվել է արձանագրված զրույցի բովանդակության այն հատվածով, որի համաձայն վերջինս խնդրել է գրավ կիրառել, սակայն դրական արդյունք չի արձանագրվել»,-նշեց Արմեն Գևորգյանը։
Դատախազը նաև ասաց, որ դրան հաջորդող օրը՝ օգոստոսի 26-ին, Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի միջև հեռախոսային խոսակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ Արուսյակ Ալեքսանյանը պատմել է եղբոր ընկերոջը «փակելու», իր հերթապահության օրերին տվյալ միջնորդությունը ստանալու մասին։ Դատախազի պնդմամբ՝ այս ամենը փաստում է Սերգեյ Գրիգորյանի և Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերական հարաբերությունների մասին, ինչի վերաբերյալ ուղիղ մեջբերում կա, և որով հիմնավորվում է լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու, Արուսյակ Ալեքսանյանի խմբային շահերով առաջնորդվելու շարժառիթը։
«Այս հայտարարությունը գնահատելով արժանահավատության տեսանկյունից՝ պետք է փաստել, որ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելուն ուղղված քայլերը ձախողելու, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառած, արդարադատություն իրականացրած դատարանին «անասուն» կոչելու, խափանման միջոցի կիրառումը որպես «ախպոր ընկերոջը փակել» բնութագրելու և այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդություններ ներկայացնելու, դրանցից որևէ մեկն իրեն մակագրելուն ուղղված տարաբնույթ միջոցներ ձեռնարկելու պարագայում ավելորդ է խոսել հայտարարության արժանահավատության մասին»,-ասաց նա։
2022 թվականի օգոստոսի 25-ին Արուսյակ Ալեքսանյանն իր աշխատասենյակում խոսել է իր օգնական Թամարա Պետրոսյանի հետ, որի ընթացքում հետևյալ խոսակցությունն է արձանագրվել․
– Թամա՛ր, հիմա էտ հաստա՞տ տենց ա, որ ասում ես գրավոր, բա խի՞ ա ուրիշը տվել, մեզ են միջնորդել։
– Էտ պետից ա ճշտել գրասենյակի աղջիկը, ասել ա՝ կալանքի երկարացման նման ա, ոնց որ չեն տեղափոխում։
– Բայց մենք լիքը ունեցել ենք, չէ՞։
– Էդ Շիրոյանի գործն էր, բայց ինքն արձակուրդում էր, դրա համար։
– Չէ, էն վախտ էլի, եղել ա Արշակի գործը։ Մեկը կա, ուզում եմ՝ մեզ ընկնի, ի՞նչ անեմ։
– Մեր խմբի՞ց ա դատավորը։
– Հա՛։
– Ինձ թվում ա՝ պետք ա զեկուցագիր գրի։
– Հն, ասե՞մ Շիրոյանին։ Թամա՛ր, մի հատ մեխանիզմ մշակի, արա՛, էս թազա ղեկավարությունը լրիվ ոչխար են։
Դատախազն այս բովանդակությամբ խոսակցության վերաբերյալ հետևյալը նշեց․ «Բովանդակությունը վկայում է Արուսյակ Ալեքսանյանի հանցավոր դիտավորության առկայության և այն իրականացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, հնարավորինս քողարկված եղանակով իրականացնելու մասին»։
Եզրափակիչ ելույթում Արմեն Գևորգյանը անդրադարձ կատարեց մի շարք անձանց ցուցմունքներին, մեղադրյալների կողմից կատարված քայլերին, որոնք ուղղված են եղել միջնորդությունը դատավորին մակագրելուն։
Այդ ընթացքում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մարիա Պետրոսյանն առաջին վկան է, որ հարցաքննվել է այս գործի շրջանակներում։ Մարիա Պետրոսյանը հենց այն անձն է, ում միջոցով տեղի է ունեցել մակագրությունը և վերամակագրությունը։
Նա իր ցուցմունքում միջնորդության վերաբերյալ ասել է․ «Ես «Աջափնյակ 1» նստավայրի հերթապահներին տեղեկացրել էի, որ նոր միջնորդություն եմ ուղարկելու ու դրանից հետո այդ միջնորդության հետ կապված ոչինչ չեմ խոսել իրենց հետ։ 2-րդ մակագրությունը ուղարկել եմ ստանալու պահին։ 3-4 օր հետո Գագիկ Պողոսյանը հարցրել է՝ ուղարկված միջնորդություն նստավայր հասե՞լ է, թե՞ ոչ։ Պարզվել է, որ Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ միջնորդությունը նստավայր չի հասել»։
Նրա ցուցմունքն ամբողջությամբ՝ այստեղ։
«Էրիկ Ալեքսանյանը Ժիրայր Ղարագյոզյանի միջոցով միջնորդություն է ներկայացրել դատարան, որը մակագրվել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, սակայն կարճ ժամանակ անց վերամակագրվել Արմեն Շիրոյանին, այս փաստական տվյալը վկայում է այն մասին, որ Արուսյակ Ալեքսանյանը ի վերջո հասել է իր հանցավոր մտադրության իրականացմանը, և Էրիկ Ալեքսանյանի կողմից ներկայացված միջնորդությունը մակագրվել է նրան, սակայն մինչ այդ հատկանշական է այն հանգամանքը, որ սեպտեմբերի 17-ին Էրիկ Ալեքսանյանի հորդորել են մեկ այլ նմանաբովանդակ միջնորդություն ներկայացնել փաստաբան Ժիրոյին, նույն ինքը՝ Ժիրայր Ղարագյոզյանի միջոցով, որպեսզի այն իրեն մակագրվելու հավանականությունը բարձրանա»,-ասաց դատախազը։
Մեղադրանքի կողմը պնդում է՝ առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, մեղադրյալները գործել են համաձայնեցված կերպով, Արուսյակ Ալեքսանյանը կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրելու հնարավոր մեխանիզմների մշակումը, անհրաժեշտ տեղեկությունների ձեքբերումը կայացրել է իր օգնականի հետ։
Եզրափակիչ ելույթում դատախազը անդրադարձ կատարեց նաև գրավ կիրառելու թույլատրելիությանը, այն հանգամանքին, որ Քրեական դատավարության օրեսնգիրքը նման հնարավորություն չի նախատեսում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատախազը միջնորդեց մեղադրյալներ
-
Արուսյակ Ալեքսանյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերով և 482-րդ հոդվածի առաջին մասով։
- 441-րդ հոդվածը սահմանում է՝ Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, երբ 4) կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 5) անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք` պատժվում է ազատազրկմամբ` 4-8տարի ժամկետով:
- 482-րդ հոդվածի առաջին մասը սամանում է՝ Շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով։
- Էրիկ Ալեքսանյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 46-րդ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով, (Արուսյակ Ալեքսանյանի կողմից կատարված ենթադրյալ գործողություններին հանցակցելը),
-
Թամարա Պետրոսյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով, 46. 482-րդ հոդվածի առաջին մասով (հանցակցելը),
Մանրամասները՝ տեսանյութերում։
Մարիամ Շահնազարյան