Հունվարի 18-ին` ժամը 14:00-ին, Ազատության հրապարակում կկայանա հավաք-երթ՝ ընդդեմ «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության անդամները:
Վերջիններիս խոսքով ՝ ակցիան նպատակ ունի հանրությանը ևս մեկ անգամ իրազեկել, որ ուժի մեջ է մտել հակասոցիալական և հակասահմանադրական օրենք:
«Մենք պետք է ցույց տանք, որ այս պայքարը մի քանի արկածախնդիր երիտասարդների զբաղմունք չէ: Մենք պարապ չենք մնացել: Բոլորս էլ շատ զբաղված ենք, իսկ այս պայքարը ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման նոր փուլ է»,- ասաց խմբի անդամ Դավիթ Մանուկյանը:
Ըստ նրա, եթե ՍԴ-ն անգամ չբավարարի միջնորդությունը, ապա այն իրենց համար վերջնական կետ չէ. «Կարևորը համախմբված լինենք: Սայլն արդեն տեղից շարժվել է, քանի որ մարդիկ դուրս են գալիս փողոց ու պայքարում: Գուցե այնպես չէ, ինչպես մենք կցանկանայինք, բայց ամեն դեպքում շատ բան արվում է»:
Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Սևակ Ծատրյանը, հորդորեց քաղաքացիներին, որպեսզի չընտրեն ֆոնդի կառավարչիներ. «Մի՛ արեք ոչ մի քայլ: Ճիշտ է, եթե մենք չընտրենք ֆոնդի կառավարիչ, ապա մեխանիկորեն մեր փոխարեն կընտրեն, բայց այդ քայլով ցույց կտանք, որ չենք ընդունում օրենքը»:
Բանախոսը խորհուրդ տվեց քաղաքացիներին, որ աշխատավարձի առաջին իսկ պահման դեպքում դիմեն դատարան և դատարանները հեղեղեն դիմուներով. «Մենք դրա իրավունքն ունենք, քանի որ Սահմանադրությանը հակասելով մեզանից տանում են մեր գումարները: Դա գրպանահատություն է»:
Հանդիպման վերջում երիտասարդներին վստահեցրին, որ պատրաստվում են պայքարել մինչև վերջ՝ դուրս չգալով օրինականության սահմաններից. «Եթե մեր քայլերը արդյունք չտան, նախատեսվում է քաղաքացիական անհնազանդություն, ինչպես նաև կփակենք փողոցները, կկազմակերպենք գործադուլներ՝ իհարկե դուրս չգալով օրենքի սահմաններից»:
Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հակասահմանադրականության հարցը մարտի 28-ին քննարկվի Սահմանադրական դատարանում: Իսկ հունվարի 25-ին ՍԴ-ն որոշում կկայացնի օրենքը ժամանակավորապես կասեցնելու մասին: