Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ նոյեմբերի 11-ին, տեղի ունեցավ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը, որ նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը այս նիստին ներկայացրեց հիմնական հայցը, ըստ որի Արմեն Սաքապետոյանից պահանջվում է բռնագանձել․
- Երևանի Սունդուկյանի փողոցում գտնվող բնակարանը, որը 2007 թվականին Սաքապետոյանը գնել է 20 միլիոն դրամով, մինչդեռ օրինական եկամուտների հանրագումարը կազմել է 19 միլիոն 915 հազար 156 դրամ,
- Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բնակարանը, 2020 թվականին դրա ձեռքբերմանն ուղղված 836 հազար 625 դրամի վճարում է կատարվել, մինչդեռ օրինական եկամուտներով հիմնավորվել է 408 հազար 812 դրամը,
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բնակարանը, որի ձեքբերմանն ուղղված վճարում է կատարվել՝ 836 հազար 625 դրամի չափով, մինչդեռ հիմնավորվել է 408 հազար 812 դրամը,
- Նույն տեղում գտնվող շինությունը և ավտոկայանատեղիները, որոնց համար 2022 թվականին կատարվել է 63 միլիոն 61 հազար 244 դրամի չափով վճարում, որից օրինական է 51 միլիոն 869 հազար 814 դրամը,
- Կոտայքի մարզում գտնվող անշարժ գույքը, որը 2022 թվականին Անի Սաքապետոյանը 100 միլիոն դրամով գնել է, որից օրինական է 83 միլիոն 560 հազար 602 դրամը,
- LAND ROVER DEFENDER SE 3.0 մակնիշի մեքենան, որը 2023 թվականին գնվել է 48 միլիոն դրամով, մինչդեռ օրինական է 47 միլիոն 956 հազար 878 դրամը,
- Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքը, 2022 թվականին Սաքապետոյանը 191 միլիոն 700 հազար դրամով գնել է համապատասխան անշարժ գույքը, որից հիմնավորվում է 169 միլիոն 25 հազար 416 դրամը, որը նույն թվականին ներդրել է «Կարապի լիճ» ՍՊԸ-ին,
- Արմավիրի մարզի Վանանդ համայնքում գտնվող հողամասի ներկայիս շուկայական արժեքը, 2021 թ․ Սաքապետոյանը 49 միլիոնով գնել է համապատասխան գույքը, որից օրինական է 30 միլիոն 758 հազար 79 դրամը,
- 2021 թվականին Վանանդ և Արտամետ համայնքներում գտնվող հողամասերը Սաքապետոյանը ներդրել է իրեն պատկանող «Ալմոնդ Ագրո» ՓԲԸ-ին, ըստ հայցվորի՝ բռնագանձման է ենթակա գույքի շուկայական արժեքը, նույն կերպ նաև Արտամետ համայնքում գտնվող հողամասի ներկայիս շուկայական արժեքն է բռնագանձման ենթակա, 2021 թվականին Սաքապետոյանը 18 միլիոն 78 հազար 310 դրամով գնել է այդ գույքը, որից դատախազությունն օրինական է համարվել 14 միլիոն 379 հազար 693 դրամը,
- Մեկ այլ ընկերության 0,07% մասնակցությունը, տվյալ անձին փոխանցված չվերադարձված մասի 11 միլիոն 300 հազար դրամի ապօրինի մասի 1 միլիոն 322 հազար 913 դրամի պահանջի իրավունքը, «Յերրա» ՍՊԸ-ին տված, փոխառության չվերադարձված մասի 1 միլիարդ 47 միլիոն 117 հազար 207 դրամի ապօրինի մասի 12 միլիոն 695 հազար 540 դրամ պահանջի իրավունքը,
- «1Էսքյու ագրո» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի 26 միլիոն 900 հազար դրամի ապօրինի մասի 2 հազար 148 դրամի պահանջի իրավունքը,
- «Ալմոնդ ագրո» ՓԲԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի 2 միլիոն 550 հազար դրամի ապօրինի մասի 382 հազար 464 դրամի պահանջի իրավունքը,
- «Բեսթ Փրոփերթիս» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 3 միլիոն 527 հազար 582 դրամի ապօրինի մասի 520 հազար 731 դրամի պահանջի իրավունքը,
- «Արմենիակ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 25 000 դրամի ապօրինի մասի՝ 25 000 դրամի պահանջի իրավունքը,
- «Գևորգ Մառա» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 33 միլիոն դրամի ապօրինի մասի 875 հազար 615 դրամի պահանջի իրավունքը,
- «Ս․Թ․Ջեյքոբ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 2 միլիոն 386 հազար դրամի ապօրինի մասի 817 հազար 679 դրամի պահանջի իրավունքը։
- Որդուց՝ Հայկ Սաքապետոյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձման է ենթակա HONDA ENP մակնիշի մեքենան, 2023 թվականին Արմեն Սաքապետոյանը 10 միլիոն 500 հազար դրամով գնել է այն, որից որպես օրինական եկամուտ հիմնավորվել է 10 միլիոն 4 հազար 835 դրամը,
- Ուլնեցու փողոցում գտնվող բնակարանը, 2023 թվականին այն գնվել է 18 միլիոն 475 հազար 600 դրամով, որից օրինական եկամուտներով հիմնավորվել է 14 միլիոն 708 հազար 988 դրամը,
- Որպես ապօրինի դրամական միջոցներ՝ Արմեն Սաքապետոյանից բռնագանձման է ենթակա 59 միլիոն 608 հազար 302 դրամը, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և 246 միլիոն 204 հազար 682 դրամի չափով գումարը, որը, ըստ դատախազության, չի հիմնավորվել նրա օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի։
Դատախազը նաև հայտնեց, որ Արեգ Սաքապետոյանը այս միջնորդությամբ այլևս ներառված չէ, այն պատճառով, որ «Ալմոնդ ագրո» ՓԲԸ-ի ձեռքբերումը Արմեն Սաքապետոյանի օրինական եկամուտներով հիմնավորվել է, և պահանջի իրավունքը համապատասխան բաժնետոմսերի համար առկա չէ։
Պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Ասատրյանը ներկայացված հայցի վերաբերյալ ասաց, որ հայցի 4-րդ կետով արձանագրվել են ապօրինի ծագում ունեցող գույքերը, ամբողջ գույքային զանգվածի վրա անհամաչափ պահանջ է ներկայացվում, այդ դեպքում արդյոք պահանջի տոկոսային հարաբերությամբ թույլատրելի է այդ չափով արգելանքի կիրառումը։
«Եթե արձանագրում ենք, որ որևէ մեքենայից 0,01 %-ի վրա ապօրինի ծագում ունեցող գույքի հատված կա և ամբողջ մեքենան է բռնագանձման ենթակա, այստեղ արդեն օրենքի տրամաբանությունը, իմ կարծիքով, շեղվում է այն ուղուց, որը պետք է սպասարկել, և այդ կոնտեքստում թույլտարելի չէ նման ծավալով փոփոխությունը։ Բռնագանձման պահանջը մասով է թույլատրելի՝ հաշվի առնելով հայցվորի կողմից արձանագրած մոտեցումը»,-ասաց Ասատրյանը։
Նրա խոսքով՝ հայցում առկա ձևակերպումները որոշակի չեն, մոտեցումը չի համապատասխանում օրենքի 3-րդ հոդվածի տրամաբանությանը․ «Այստեղ, իմ դիտարկմամբ, պարոն Սաքապետոյանին չակերտավոր, կոպիտ ասած գերի վերցնելու գործընթաց է գնում էս պահանջի շրջանակներում։ Գտնում եմ, որ հայցը մասով է թույլատրելի»։
Պատասխանողի մյուս ներկայացուցիչը հետաքրքվեց՝ հայցով պահանջվում է բռնագանձել Թումանյան փողոցում գտնվող բնակարանի ամբողջ շուկայական արժե՞քը, թե՞ դրա 10,33 %-ը։
Դատախազն ասաց՝ հայցի առարկայում արձանագրվել է շուկայական արժեքն ամբողջությամբ, ինչպես որ անշարժ և շարժական գույքերի պարագայում․ «Այսինքն՝ անշարժ գույքերն ամբողջությամբ, շարժական գույքերը՝ նույնպես, բայց փաստակազմում՝ որպես փաստական հիմք, արձանագրել ենք, որ ապօրինի է մասնակի։
Գույքերի մասով տոկոսային տարբերություն չի բացառվում, գուցե դատավարության ընթացքում ներկայացվեն այնպիսի ապացույցներ, որոնք հետագայում կարող են համամասնությունը փոփոխել, դա է պատճառը, որ հայցի առարկան հայցի փաստակազմից չի կարող բխել, այսինքն՝ ամբողջությամբ գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվում՝ չբացառելով ողջամիտ հավանականությունն առ այն, որ տոկոսային հարաբերակցությունը փոխվի, բայց այն, ինչ հայցում ներկայացված է, հայցվորն ապացուցելու է, որ օրինական եկամուտներով չի հիմնավորվել հենց այդքանը՝ 10,33 %-ը»։
Ի պատասխան Վարազդատ Ասատրյանի առարկությանը՝ դատախազը նշեց, եթե օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքերի մասով նույնիսկ 1 դրամի տարբերություն լինի, ապա դա համարվելու է օրենքի իմաստով ապօրինի ծագում ունեցող գույք և ենթակա է լինելու բռնագանձման։
Արմեն Սաքապետոյանը դատախազին հարցրեց, թե մինչև որ պահն է հաշվարկն իրականացվել, Նելլի Տեր-Թորոսյանն ասաց՝ մինչև 2024 թվականի ապրիլը։
Սաքապետոյանը նաև հարց ուղղեց Ուլնեցու փողոցում գտնվող ավտոկայանատեղիների վերաբերյալ ապացույցների առկայության մասին, դատախազն ասաց՝ հայցադիմումին կից ներկայացված ապացույցներով դա հիմնավորվել է, այս պահին ապացույցների հետազոտման փուլում չեն, քննարկվում է միայն օրենքով պահպանվող շահը կամ իրավունքը։
Պատասխանողը հարցրեց, թե չէր կարող հայցում արդյոք այդ տոկոսները վերածվել գումարային պահանջի, դատախազն ասաց՝ դեռևս շուկայական արժեքի վերաբերյալ տվյալներ չկան, չի բացառվում, որ համապատասխան փոփոխություններ կլինեն հայցի առարկայի մեջ, և դրամական պահանջ է ներկայացվի։
Նա հավելեց՝ մինչև ապացուցման բեռի բաշխումը, հայցվորը տնօրենչականության սկզբունքից բխող այդ իրավունքից կարող է օգտվել ։
Պատասխանողի ներկայացուցչի խնդրանքով՝ հաշվարկների ֆայլը 3 աշխատանքային օրում կներկայացվի կողմին, նա 1 շաբաթ ժամանակ խնդրեց դրանք ուսումնասիրելու և դիրքորոշում հայտնելու համար։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին պատասխանողի ներկայացուցիչը հանդես եկավ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ։
Նա նշեց, որ սկզբնական հայցի և փոփոխված պահանջի թույլատրելիության պայմաններում պետք է հաշվի առնել տարբերությունը թե՛ դրամական, թե՛ գույքային զանգվածի առումով և նաև այն, որ ապահովվող պահանջ այլևս չկա, ըստ այդմ, միջնորդեց վերացնել համապատասխան գույքերի նկատմամբ արգելանքը։
Ներկայացված հայցի վերաբերյալ դատարանն առանձին դատական ակտի ձևով որոշում կկայացնի, ներկայացված վերջին միջնորդության քննությունը հետաձգվեց՝ հաշվի առնելով, որ դատախազը պետք է դեռևս դիրքորոշում հայտնի դրա վերաբերյալ։
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։
Մարիամ Շահնազարյան