Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում, դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, շարունակվեց սպանության համար մեղադրվող Էռնեստ Ենոքյանի գործով դատական նիստը։
Ըստ մեղադրանքի՝ 2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Էռնեստ Ենոքյանն ապօրինաբար կյանքից զրկել է Ադրիաննա Գառնիկի Լիմային, որից հետո հրկիզման եղանակով վնասել է սեփականության իրավունքով Արթուր Ռաֆիկի Սարգսյանին պատկանող բնակարանը՝ պատճառելով խոշոր չափերի՝ 3.466.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նշվում է, որ 2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրիաննա Լիմային նախկինում պարտքով տրամադրած 400.000 դրամ գումարը հետ պահանջելու նպատակով այցելել է նրա կողմից վարձակալած, Արթուր Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցի 1-ին շենքի թիվ 59 բնակարան: Գումարի հարցի շուրջ ունեցած խոսակցության ընթացքում Ադրիաննա Լիման Էռնեստ Ենքոյանին հայտնել է, որ նրան պարտք է ընդամենը 100.000 ՀՀ դրամ գումար:
Գումարի հարցի հետ կապված Էռնեստ Ենոքյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ադրիաննա Լիմայի հասցեին, որն էլ վերջինս, ցավագին ընդունելով և բնակարանից վերցնելով դանակը, փորձել է Էռնեստ Ենոքյանին դանակի սպառնալիքով դուրս հանել բնակարանից:
Այդ ամենը տեսնելով՝ Էռնեստ Ենոքյանը Ադրիաննա Լիմայի ձեռքից վերցրել է դանակը, և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան։ Հասցված վնասվածքների հետևանքով Ադրիաննա Լիման դեպքի վայրում մահացել է:
Էռնեստ Ենոքյանն իր մոտ առկա կրակայրիչով այրել է Ադրիաննա Լիմայի ննջասենյակի հագուստները, որից հետո բանալիով փակելով բնակարանի դուռը՝ դիմել է փախուստի։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախորդ նիստին քննարկվել էր վկա Սահակ Ազիզյանին դատարան հրավիրելու հարցը։ Վերջինս, ըստ տուժող կողմի, դեպքի նախորդ օրը եղել է Ադրիաննա Լիմայի բնակարանում, գիշերել նրա տանը։
Այս նիստին ոստիկանության կողմից չէր ներկայացվել մեղադրյալ Էռնեստ Ենոքյանը։ Վերջինիս պաշտպան Սասուն Ռաֆաելյանը հայտնեց, որ նիստը հետաձգելու նպատակահարմարություն չկա, իր վստահորդի հետ ունեցել է հեռախոսազրույց, վերջինս հայտնել է՝ իր բացակայությամբ դատական նիստը կարող է կայանալ և քննարկվել խափանման միջոցի հարցը։
Նշենք նաև, որ սպանվածի մայրը հայտնեց, որ իր ներկայացուցչությունն այլ փաստաբաններ են իրականացնելու, որոնցից ներկայացել էր փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի քննարկման ժամանակ հանրային մեղադրողը հայտնեց, որ նախորդ դատական ակտով արձանագրված հիմնավորումներով շարունակվում են առկա լինել մեղադրյալին կալանքի տակ պահելու հիմքերն ու հիմնավորումները, մեծ է մեղադրյալի կողմից փախուստի դիմելու հավանականությունը, և այդ մասով նոր փաստական տվյալների բացակայության պայմաններում կալանավորման ժամկետը պետք է երկարաձգվի ևս 3 ամսով։
Տուժողի ներկայացուցիչը ևս միացավ մեղադրողի դիրքորոշմանը, նշեց, որ փախուստի ռիսկն արդեն իսկ արձանագրվել է։
Ենոքյանի պաշտպանը հայտարարությամբ հանդես եկավ․ «Սույն փուլում խոչընդոտելու հավանականություն չկա, առկա է միայն փախուստի դիմելու հավանականությունը, հիմա, եթե փախուստի դիմելու հավանականությունը գնահատենք, բնականաբար, դա ունի մեկ այլ մակարդակ նախաքննության փուլում, ավարտական փուլում, դատաքննության ընթացքում և այս փուլում, երբ արդեն իսկ բոլոր ապացույցները հետազոտված են, վկաները հարցաքննված են, միջնորդությունները կատարվել են փորձագետներին հարցաքննելու համար։ Փախուստի դիմելու հավանականությունը չի կարող ընդմիշտ լինել, այն որոշակի նվազում է»։
Պաշտպանի խոսքով՝ բացակայելու արգելքը, գրավը և տնային կալանքը ի զորու են ապահովելու Էռնեստ Ենոքյանի պատշաճ վարքագիծը։
Հանրային մեղադրողը պնդեց՝ այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ չի կարող ապահովվել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Փաստաբան Արա Ղարագյոզյանը հավելեց, որ սկզբնական փուլում փախուստի փորձ կատարվել է, ռիսկն այժմ էլ մեծ է․ «Անձը ենթադրյալ հանցագործություն կատարելուց հետո փորձել է Բավրայի ճանապարհով փախուստի դիմել, այսինքն՝ դա մեղադրողի ենթադրությունը չէ, հստակ ապացույց կա, որ անձը փախուստի փորձ է կատարել»։
Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը որոշեց մեղադրյալ Էռնեստ Ենոքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ, կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով։
Դատական նիստին քիչ ուշ ներկայացավ դատակոչված վկա Սահակ Ազիզյանը, նախագահող դատավորը կրկին զգուշացրեց, որ հաջորդ նիստին նա ներկայանա՝ հաշվի առնելով, որ մեղադրյալի բացակայությամբ դատավարական այլ գործողություններ չեն կարող իրականացնել։
Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին։
Մարիամ Շահնազարյան