«Դեժավյու, այս իրավիճակն այդպես պետք է բնորոշեմ»․ Արուսյակ Ալեքսանյանի գործով դատախազը պնդում է՝ պաշտպանության կողմի միջնորդություններն անընդհատ կրկնվում են

Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է  դատավոր Վահե Դոլմազյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախորդ դատական նիստին Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանը երկու միջնորդություն էր ներկայացրել դատարանին, որոնցից միայն մեկն էր բավարարվել։ Միջնորդությամբ խնդրել են տրամադրել 2022 թ․ հոկտեմբերի 5-ի դրությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատող քննիչների տվյալները, որով կարող է հիմնավորվել այն, որ Արուսյակ Ալեքսանյանի կողմից կոմիտեի որոշ աշխատակիցների հետ ունեցած մասնավոր հեռախոսային խոսակցությունները, ըստ պաշտպանական կողմի, չէին կարող հիմք հանդիսանալ գործի քննությունը Հակակոռուպցիոն կոմիտեի փոխարեն ԱԱԾ-ին հանձնարարելու համար։

Հարցման ի պատասխան ներկայացրել են տվյալ ժամանակահատվածում աշխատած քննիչների տվյալները, որը հրապարակվեց պաշտպանի կողմից։

Արուսյակ Ալեքսանյան

Մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանը հայտնեց, որ ներկայացված ցուցակից ընդամենը երկու հոգու հետ է հեռախոսային խոսակցություն տեղի ունեցել, մյուս 18 հոգու հետ հեռախոսազրույց չի եղել և միջոցառման չի հրավիրել։ Նախագահող դատավորն ընդգծեց՝ հեռախոսային խոսակցությունների հրապարակման ժամանակ անձանց թիվն ավելի շատ էին, քան 2-ը, ինչի առնչությամբ Ալեքսանյանն ասաց, որ ինքը Հատուկ քննչական ծառայությունում աշխատել է, բայց թե հետագայում արդեն Հակակոռուպցիոն կոմիտեում 2022 թ․ հոկտեմբերի 5-ի դրությամբ տվյալ անձինք նշանակված եղել են, թե ոչ, չի կարող ասել։

Նախքան ապացույցների անթույլատրելիության փուլին անցնելը՝ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Առնոլդ Վարդանյանն ասաց, որ պատրաստել են միջնորդություն, ինչը վերաբերում է քրեական գործով ձեռք բերված բոլոր ապացույցներին։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը նշեց՝ կա դատավարական կարգ, հիմնական դատալսումների փուլում ապացույցները հետազոտվել են, դրանց ծավալները լրացվել են, իսկ այժմ արդեն իսկ հետազոտված ապացույցների թույլատրելիություն կամ անթույլատրելիության փուլում այդպիսի միջնորդությամբ հանդես գալը չի մտնում սահմանված կարգի մեջ։

Պաշտպանի խոսքով՝ այս գործով կա անձեռնմխելիության հետ կապված խնդիր, ու այդ տրամաբանության մեջ անհրաժեշտություն է առաջացել ՍԴ դիմելու՝ վերաբերելի իրավադրույթների սահմանադրականությունը ստուգելու նպատակով։ Նշեց, որ հարցը քննարկման առարկա է դարձել այս փուլում, քանի որ հիմա է քննարկվում ապացույցների անթույլատրելիության հարցը։

Մատնանշելով օրենսդրական համապատասխան կարգավորումները՝ նախագահող դատավորն ասաց, որ խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև անձեռնմխելիության հարցին, այն եղել է նաև պաշտպանության կողմի բողոքարկման առարկա։ Դատավորը նշեց, որ եթե ապացույցների թույլատրելիության վիճարկման խնդիր կա, միջնորդությունները կարող են փոխկապակցված ներկայացնել, սակայն առանձին միջնորդություն ներկայացնելու ընթացակարգ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում։

Պաշտպանը պնդեց՝ միջնորդության էությունն անմիջականորեն պայմանավորված է ապացույցների բովանդակության, դրանցում տեղ գտած ձևակերպումների, այն իրավական ընթացակարգի, որոնցով տեղի են ունեցել մի շարք գործողություններ՝ քննարկման առարկա դառնալով ապացույցների հետազոտման փուլում։

Դատախազ Արմեն Գևորգյանը միջնորդությունը քննարկել-չքննարկելու հարցի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ․ «Ինձ մոտ տպավորություն է, որ պաշտպանության կողմն ամեն կերպ փորձում է համոզել, որ էդ միջնորդությունը հենց էս փուլին վերաբերելի ա։ Ինչի՞ համար է էս երկխոսությունը։ Կան ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն, թող ներկայացնեն․ դեժավյու, այս իրավիճակն այդպես պետք է բնորոշեմ, պատվարժա՛ն դատարան։

Նախնական դատալսումների ընթացքում էս բոլոր հարցերին անդրադարձել ենք։ Նախորդ նիստին, երբ ես հարց բարձրացրի, որ պաշտպանության կողմի մարտավարական թերացումները դատաքննության ողջամիտ ժամկետի հաշվի չպետք է լրացնել, այստեղ կարծես թե անձանց կողմից որոշակի տարընկալման արժանացավ էդ դիտարկումը։

․․Թող վկայակոչեն գեթ 1 փաստական տվյալ, իրավական կարգավորում, որը թույլատրում ա էս փուլում նմանատիպ միջնորդությամբ հանդես գալ»։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը թույլ չտվեց պաշտպան Վարդանյանին ներկայացնել միջնորդությունը։ Հաջորդիվ պաշտպանը հանդես եկավ ապացույցի անթույլատրելիության վերաբերյալ միջնորդությամբ։

Նա նշեց, որ այս քրեական գործով փաստացի քրեական հետապնդում է իրականացվել դատավորի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ։ Քննչական գործողությունների, ՕՀՄ-ների կատարման արդյունքում տարբեր կայքերից, ընտանիքի անդամներից տվյալներ են ձեռք բերվել դատավորի վերաբերյալ, ինչով էլ հարկ է ցույց տալ այն, որ քրեական հետապնդումը սկսվել է բուն ապացույցների ձեռք բերման նախորոդող ժամանակահատվածում։

Վահե Դոլմազյան

Նրա խոսքով՝ այդ ապացույցները ձեռք են բերվել իրավական երաշխքիների խախտմամբ, որոնք սամանված են նաև միջազգային չափորոշիչներով։ Միջնորդությամբ ընդգծվել է դատավորի անձեռնմխելիության զրկման և սահմանափակման ընթացակարգերի կարևորությունը, սակայն նշվել է, որ մեր օրենսդրական դրույթների մեջ դրանք կարգավորված չեն, դրանց միջև տարանջատումներ չկան։

Պաշտպանը միջնորդեց 2022 թվականի հուլիսի 11-ից մինչև հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում ստացված զեկուցագրերը, արձանագրությունները, ՕՀՄ արդյունքներն անթույլատրելի ճանաչել։

Միջնորդության վերաբերյալ նախագահող դատավորը մի քանի հարցեր ուղղեց, իսկ դատախազը ներկայացված դրա վերաբերյալ հայտնեց, որ դեռևս 2023 թ․ մայիսի 4-ին նման միջնորդություն է ներկայացվել՝ ՕՀՄ արդյունքներով ձեռք բերված բոլոր ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ։ Գևորգյանը նշեց, որ այն ժամանակ ևս բերվել են նույն փաստարկները, հիմնավորումներն ու նախադեպային մի շարք որոշումները, որոնք հիմա ներկայացրեց պաշտպանը։

«Անձեռնմխելիության վերաբերյալ քննարկումներ տեղի են ունեցել նաև խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ, պարոն Երեմ Սարգսյանն է ներկայացրել։ Կողմերին հիշեցնեմ, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի բովանդակությանն եմ անդրադարձել դիրքորոշում հայտնելիս, փուլային կառուցվածքին, նպատակներին, դրանց նորից բովանդակային անդրադարձ կատարել նպատակահարմար չեմ գտնում զուտ այն համատեքստում, որ նոր միջնորդությամբ էական փաստարկներ չեն ներկայացվել, նույնիսկ շեշտադրումներն էին նույնը»,-ասաց դատախազը։

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը որոշեց մերժել ներկայացված միջնորդությունը՝ համապատասխան փաստարկների ու հիմնավորումների, նոր էական հանգամանքների բացակայության պատճառաբանությամբ։ Այս նիստին ապացույցի անթույլատրելիության միջնորդությամբ հանդես եկավ նաև Արուսյակ Ալեքսանյանի մյուս պաշտպան Հովսեփ Սարգսյանը։ Միջնորդության քննությունը կշարունակվի հաջորդ նիստին՝ աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Մարիամ Շահնազարյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել