Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին ֆինանսական հարցերի պատասխանների վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանն ասաց՝ պատասխանողի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանի կողմից են ֆինանսական հարցեր ներկայացվել, և արդյունավետ կլինի դրանք կրկին հնչեցնել, ինչից հետո կփորձեն հերթականությամբ պատասխանել։
Պատասխանողներ Տարոն Մարգարյանի և Գոհար Սարգսյանի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանը հարցրեց՝ ինչ մեթոդով է իրավասու մարմնի կողմից գնահատվել ծախսերի՝ վճարումներ, գույքերի ձեռքբերում, կատարման պահին օրինական միջոցների առկայությունը, ըստ ֆինանսական հոսքերի ճշգրիտ հաջորդականության, տարեկան կտրվածքով առկա օրինական եկամուտներից տարեկան կտրվածքով առանձին տեսակի ծախսերի։
Տնտեսագետը պատասխանեց, որ կիրառվել է տարեկան մեթոդը, այսինքն՝ ընդհանուր տարվա եկամուտները, ամբողջ տարվա ծախսերը, սակայն որոշ վերապահումներով․ «Օրինակ, կային նվազագույն սպառողական զամբյուղին ուղղված ծախսեր, էդ դեպքում առաջնահերթ այդ ծախսերն էին հաշվարկվում, կամ տարեվերջին գույքեր կային ձեռք բերված, մի քիչ էդ մեթոդից շեղում կար, բայց քանի որ վերջին շրջանում մեթոդաբանությունը փոխվել է ու այս հաշվարկը ևս համապատասխանեցվելու է վերջին 2 տարում գործող մեթոդաբանությանը, դա փոփոխման ենթակա է»։
Դատախազ Խուդավերդյանը հավելեց, որ հայցադիմումը ներկայացվել է դեռևս 2022 թվականին, այդ ժամանակահատվածում դատախազության ընդհանուր մոտեցումը եղել է այնպես, որ տարեկան հաշվարկ է կատարվել, սակայն վերջին երկու տարիներին կատարելագործվել է հաշվարկների մեթոդաբանությունը, վերլուծությունը․ «Այս պահի դրությամբ գրեթե բոլոր մեր գործերն արդեն համապատասխանեցվում են օրական հաշվարկի տրամաբանությանը, որով շատ ավելի ճշգրիտ է արտացոլվում մեր կատարած հաշվարկը, շատ ավելի պարզ է լինում՝ իրավասու մարմինն ինչպես է այդ հաշվարկը կատարել։ Այս գործով նույնպես պատրաստվում ենք օրական հաշվարկի տրամաբանությամբ վերահաշվարկ կատարել, որ ավելի պարզ լինի հաշվարկը»։
Դատախազի խոսքով՝ թեև այս մեթոդաբանությունն է ընտրվել, սակայն Գալստյանի հարցերը հիմնականում այնպիսի հարցեր են, որոնք կարող են այս նիստին էլ հնչեցնել, պատասխանները տալ։
Պատասխանողի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանն ասաց․ «Ըստ էության, այս հանգամանքի լույսի ներքո իրավաչափային փոփոխություն տեղի ունեցավ, քանի որ որոշակի անհամապատասխանություններ հենց պայմանավորված էին դրանով, որ իրավասու մարմինը հաշվարկը կատարել է, իմ կարծիքով, ըստ իր հարմարության, այսինքն՝ ըստ պատասխանող կողմի վրա ավելի շատ ֆինանսական բեռ դնելու տեսանկյունից։ Այս հարցում, եթե իրավասու մարմինը պատասխանատու կերպով հայտարարեց, որ հաշվարկի փոփոխություն է կատարվելու , այս դեպքում հարցերի մեծամասնությունը կա՛մ դուրս են գալու, կա՛մ լինելու են այլ հարցեր»։
Նա նշեց, որ ներկայացված հարցերի գերակշիռ մասը վերաբերում է ընտրված մեթոդաբանությանը, այս նիստով պետք է փորձի հնչեցնել այն հարցերը, որոնք հաշվարկի հետ առնչություն չունեն, հետագայում դրանք պետք է փոփոխվեն։
Պատասխանողի մյուս ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե այդ դեպքում հայցի հիմքի և առարկայի փոփոխություն տեղի է ունենալու, թե ոչ, դատախազն ասաց՝ քանի որ օրական հաշվարկի վերաբերյալ որոշումը վերջերս է կայացվել, ըստ այդմ՝ պատրաստվում է հայցի հիմքի և առարկայի փոփոխման միջնորդություն ներկայացնել։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարան ներկայացվեց նաև լիազորագիր, որով Տարոն Մարգարյանը լիազորել է փաստաբան Տիգրան Խուրշուդյանին՝ 2 տարի ժամկետով նշված գործով ներկայացուցչություն իրականացնել։
Պատասխանող կողմը նշեց, որ համաձայն 2022 թ․ փորձագետի համապատասխան եզրակացության՝ Առնո Բաբաջանյան փողոցում գտնվող տան կառուցման համար ներդրումային միջին և ընդհանուր շինարարական արժեքը կազմել է 507 միլիոն 150 հազար դրամ, որոնք կատարվել են 2005 թվականի սեպտեմբերից մինչև 2007 թ․ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում։
Գալստյանն ասաց՝ առկա տվյալների համաձայն այդ հասցեի տան շինթույլտվությունը ստացվել է 2006 թ․ նոյեմբերի 9-ին, այդ դեպքում ինչպե՞ս կարող է փորձագետը հանգել եզրակացության, որ հետազոտման ենթակա անշարժ գույքի վրա 2005 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2008 թ․ հունվարի 18-ը կառուցվել է բնակելի տուն, և այդ պարագայում 2005 թ․ սեպտեմբեր, 2006 թ․ հոկտեմբեր ժամանակահատվածի համար ի՞նչ հիմքով են հաշվարկվել 253, 6 միլիոն դրամ շինարարական ներդրումային ծախսերը։
Դատախազը պատասխանեց, որ լրացուցիչ ուսումնասիրվել է փորձագետի եզրակացությունը, շփոթմունք է առաջացրել այն, որ շինթույլտվության վկայականը տրվել է 2005 թվականին, իրենք ուղղակի նշել են 2005 թվականից սկսած փորձաքննության արժեքը, ու դրա հիման վրա հաշվարկում գրվել է 2005 թվականից, բայց իրականում 2006-ից սկսված է իրականացվել այդ շինարարությունը։
Հարցերից մեկով նշվել է, որ Տարոն Մարգարյանը մասնակցել է տարբեր ընտրովի պաշտոնների ընտրությանը և նախընտրական շրջաններում օրենսդրության սահմանված կարգով իր անվամբ բացվել են նախընտրական հիմնադրամներ, հաշիվներ, պատասխանող կողմը փորձել է ճշտել, թե այդ հաշիվներին կատարված բոլոր մուտքերն ըստ իրավասու մարմնի հանդիսանու՞ւմ են արդյոք Մարգարյանի անձնական գործարքները, թե ոչ։
Տնտեսագետը պատասխանեց՝ մեթոդաբանության հետ կապված կրկին փոփոխություն է կատարվելու, սակայն մինչ այդ իրավասու մարմինը գտել է, որ դա ֆիզանձին վերաբերելի հաշիվ չէ։
Պատասխանողի ներկայացուցիչը հաշվարկների կատարման վերաբերյալ այլ հարցեր էլ ուղղեց տնտեսագետին, վերջինս աղյուսակի տեսքով ցույց տվեց, թե ինչպես կատարվել հաշվարկը, ինչ ծախսեր են հաշվի առնվել։
Տիգրան Խուրշուդյանն ասաց՝ մյուս նիստով պետք է փորձեն հաշվարկներն ու ֆինանսական մասով հարցերն ընդհանուր տեսքի բերել։
Նախագահող դատավորի հարցին, թե ինչքան ժամանակ է հարկավոր վերահաշվարկ կատարելու համար, դատախազն ասաց՝ հաշվի առնելով, որ բացի վերահաշվարկից նաև միջնորդություն պետք է ներկայացվի, 3 շաբաթ ժամանակը կբավարարի այդ գործողությունները կատարելու համար։ Նաև նշեց, որ այդ հաշվարկները մինչև նիստը նախապես կներկայացվի կողմին, որպեսզի դրա վերաբերյալ հարցադրումներ կատարեն։
Նիստը հետաձգեց, հաջորդը տեղի կունենա նոյեմբերի 19-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Շահնազարյան