Ամենախոցելի ոլորտը ԴԱՀԿ-ն է. Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոն

Հայաստանը 6-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում բիզնես սկսելու, ընկերություն գրանցելու հեշտությամբ: Բայց այս ոլորտում դեռևս առկա են բավական թվով խնդիրներ: Այս մասին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած միջոցառման ժամանակ ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:

Նա ներկայացրեց նոտարական, ՔԿԱԳ մարմիններում, ԴԱՀԿ ծառայությունում, քրեակատարողական ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

Արդարադատության նախարարի տեղակալի խոսքով` նմանատիպ միջոցառումները լավ հնարավորություն են վեր հանելու հասարակությանը հուզող խնդիրները և աշխատել դրանց լուծման ուղղությամբ:

«Որովհետև երբ որ ինչ-որ բարեփոխում, փոփոխություն, գործընթաց կատարվում է առանց այսպես ասած «առաջին գծից» տեղեկատվություն ստանալու, հնարավոր է ինչ-որ բան բարեփոխենք, որի պահանջարկն այդքան էլ չկա և այն հարցերը, որոնք անհրաժեշտ են հրատապ բարեփոխել, մնան հետագայի»,- ասաց Արամ Օրբելյանը:

«Մեր հիմնական նպատակը խնդիրները վեր հանելն է և այդ խնդիրների չեզոքացման նպատակով համապատասխան բարեփոխումներ իրականացնելն է»,- նշեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման ղեկավար Կարեն Զադոյանը:

Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզի նոտարներ, իրավաբաններ ու փաստաբաններ, ներկայացուցիչներ իրավապաշտպան կազմակերպություններից, պետական մարմիններից:

Սյունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Արշավիր Խալափյանը ներկայացրեց կենտրոնի արձանագրած խնդիրներն. ՔԿԱԳ մարմիններից առարկայական բողոքներ չեն ստացել, քրեակատարողական ծառայությունից նույնպես, խնդիրներ են ունեցել նոտարական ոլորտում, մտահոգիչ է` ԴԱՀԿ ծառայության գործունեությունը:

«ԴԱՀԿ-ն ամենախոցելի ոլորտն է: Մեր պրակտիկայում նույնիսկ դեպք է եղել, երբ որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հնարավոր չի եղել կարատել, կատարողական թերթը կար, կատարողական վարույթը հարուցվել էր, և մենք պարտադրված էին եղել դատախազություն հաղորդում տալ, որից հետո միայն քաղաքացու իրավունքն առարկայորեն վերականգնվել է»,- ասաց Արշավիր Խալափյանը:

Միջոցառման ժամանակ բարձրացված խնդիրներն Արդարադատության նախարարի տեղակալն արձանագրեց. այդ խնդիրների մի մասն արդեն լուծման փուլում են, մյուսները համար` հետևողականության արդյունքում լուծումներ կգտնվեն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել