Խուլիգանություն Մասիս քաղաքի Հերացու փողոցում. կա ձերբակալված անձ

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայիսի 11-ին ժամը 19.10-ին Մասիս քաղաքի Հերացու փողոցում հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ-2112», «Շեվրոլե Վոլտ» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ-2112»-ից և «Օպելից» իջել են մի խումբ անձինք և, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով և հայհոյանքներ հնչեցնելով, փայտերով և մահակներով սկսել են հարվածել «Շեվրոլե Վոլտ» մեքենայում գտնվողներին, իսկ այդ ընթացքում գազային ատրճանակից կրակոցներ են արձակվել:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են խուլիգանության մասնակիցների ինքնությունը. ութ երիտասարդն էլ Կաթնաղբյուր գյուղի բնակիչ են: Պարզվել է, որ նրանք անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Շևրոլե Վոլտի» վարորդին, նա էլ գազային ատրճանակից կրակոցներ է արձակել:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երեք պարկուճ:

Մայիսի 12-ին «ՎԱԶ-2112»-ի վարորդը՝ Կաթնաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը, հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակիցներին և գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել