Վլադիմիր Գասպարյանը դատարանում հայտարարեց՝ իր կինը ոստիկանությունում «զբաղվել է մշակույթով», «ծանրագույն աշխատանք» է կատարել

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 20-ին, շարունակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով քննությունը։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է՝ Գասպարյանը, տեղյակ լինելով, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Սուսաննա Սարդարյանը (Գասպարյանը) ՊՆ ՌՈ ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, վերջինիս աշխատավարձ է վճարել է աշխատավարձ։

Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 17միլիոն 275 հազար 721 դրամի վնաս:

Iravaban.netի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկայացել էր վկա Գեղամ Պետրոսյանը։ Դատարանը ծանուցագրեր էր ուղարկել մյուս վկաներին՝ Լևոն Սուքիասյանին, Մուշեղ Խաչատրյանին, Գրիգոր Բադիրյանին և Արշավիր Մխիթարյանին։ Վերջնիններիս պատշաճ ծանուցված լինելու մասին դատարանը հավաստող ապացույց դեռևս չէր ստացել։

Գեղամ Պետրոսյանը դատարանում հայտարարեց, որ դատավարության բոլոր մասնակիցներին ճանաչում է և լավ հարաբերությունների մեջ է գտնվում բոլորի հետ։ Վկան նշեց նաև, որ իր նախորդ հարցաքննությունից բավական երկար ժամանակ է անցել, և Վլադիմիր Գասպարյանի կնոջ աշխատանքի հաճախելու վերաբերյալ հարցին ի պատասխան նշել էր, որ աշխատել է իր գործառույթների շրջանակներում, տիկին Գասպարյանին աշխատավայրում տեսել է, բայց նրա կատարած աշխատանքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունի։

Դատախազի հարցին, թե որ թվականներին է ծառայել վկան ոստիկանությունում, Պետրոսյանը պատասխանեց, որ ծառայել է 2002-2018 թվականներին հետաքննության քննչական հետո իրավաբանական վարչությունում, իսկ 2015-2018 թվականներին զբաղեցրել է ոստիկանության պետի ռեֆերենտի պաշտոնում։

-Ի պաշտոնե Ձեզ վրա ի՞նչ պարտականություններ էին դրված։

-Դրված են եղել ոստիկանության ծառայողների հետ կապված դիմում-բողոքների ուսումնասիրումը, նաև կազմակերպում էի ոստիկանության պետի անունից ընդունելությունները, ընթացիկ այլ փաստաթղթերի կատարումը։

-Ձեր գործառութային պարտականությունների վերաբերյալ հրամաններ եղե՞լ են, թե՞ բանավոր կերպով է իրականացվել։

-Որքանով հիշում եմ՝ հրաման չի եղել, կոնկրետ բանավոր հանձնարարականներ են եղել։

-Ձեր աշխատանքային գործառույթները որտե՞ղ եք իրականցրել։

-Ոստիկանության կենտրոնական շենքում։

-Իսկ հարկը ո՞րն էր և ո՞վքեր են տեղակայված եղել այնտեղ։

-4-րդ հարկում, այնտեղ մի հատվածը ոստիկանապետի աշխատասենյակն էր, իսկ մյուս հատվածը ոստիկանապետի աշխատակազմի աշխատակիցների։

-Այլ վայրում Ձեր ծառայողական պարտականությունները իրականացրե՞լ եք։

-Ոչ։

Դատախազի մյուս հարցին, թե ոստիկանապետի հետ շփումները ինչպիսի հաճախականությամբ էին և ինչ ֆորմատներով, վկան պատասխանեց՝ քաղաքացիների ընդունելության հետ կապված։ Աշխատանքային գրաֆիկը 9-ից վեցը պարտադիր էր, հավելյալ աշխատանք կարատելու դեպքում էլ ավելի երկար էին մնում աշխատավայրում։

Գեղամ Պետրոսյանը հայտնեց, որ Սուսաննա Գասպարյանը զբաղեցրել է ավագ ռեֆերենտի պաշտոնը, եղել են դեպքեր, որ աշխատավայրում հանդիպել են, բայց հաճախակի շփումներ չեն եղել։

Վկան նշեց, որ աշխատանքի չգնալու դեպքեր չեն եղել, իսկ արձակուրդի մեկնումը եղել է բացառապես ոստիկանապետի զեկուցագրի հիման վրա։

Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանի հարցին, թե քանի աշխատասենյակներից է բաղկացած եղել 4-րդ հարկ նշված հատվածը և ովքեր են աշխատել, վկան պատասխանեց՝ ինչքանով հիշում է 5 աշխատասենյակ է եղել, այնտեղ իրենց գործառույթներն իրականացրել են ոստիկանության պետի օգնականը, աշխատակազմի ղեկավարը, քարտուղարության պետը, քարտուղարության պետի տեղակալը և մի սենյակում էլ ինքն է աշխատել։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ևս հարցեր ուղղեց վկային։

-Կարո՞ղ եք ասել՝ ավագ ռեֆերենտի գործառույթները ինչ-որ նորմատիվ, իրավական ակտով կարգավորվա՞ծ են, թե՞ ոչ։

-Որքանով տեղյակ եմ՝ ոչ։

-Ինչպե՞ս է որոշվում այս ռեֆերենտը կամ մյուս ռեֆերենտը ի՞նչ կոնկրետ գործառույթներ պետք է իրականացնեն։

-Իմ գործառույթները, ինչքանով հիշում եմ, սահմանված է եղել բանավոր համաձայնությամբ ոստիկանապետի և աշխատակազմի ղեկավարի հետ։

-Դուք ի պատասխան պարոն Մուրադյանի հարցի՝ ասացիք, որ աշխատանքի հաճախելու ժամերը 9-ից 6-ն և եղել են նաև դեպքեր, որ աշխատել եք 6-ից հետո, կարո՞ղ եք դատարանին հայտնել՝ առհասարակ ռեֆերենտի աշխատանքը պարտադիր բնույթ կրո՞ղ է եղել։

-Ոստիկանության պետի ռեֆերենտի պաշտոնը չի կարող նորմավորված չլինել։

Պատշպանի հարցին ի պատասխան՝ վկան նշեց, որ ոստիկանությունում հաճախակի են միջոցառումներ կազմակերպվել, եղել են դեպքեր, որ մասնակցել է ինքը։ Տիկին Գասպարյանին այդ միջոցառումների կազմակերպման, ակտիվ դերակատարություն ունենալու հետ կապված հարցին ի պատասխան վկան նշեց, որ դրանք կազմակերպչական աշխատանքներ են, որոնք մինչև միջոցառման սկսվելն են կատարվել, ինքը միջոցառման սկսելու պահից է ներկա գտնվել, եղել են դեպքեր, որ Անգելինա Գասպարյանն է երգով հանդես եկել այդ միջոցառումներին։

Փաստաբանն ընդգծեց, որ քրեական գործում առկա են նյութեր՝ Սուսաննա Գասպարյանի կողմից միջոցառումների կազմակերպման վերաբերյալ (խոսքը առկա տեսահոլովակների մասին է, որտեղ երևում է վերջինիս ներկայությունը)։

Դատավորի հարցին, թե մոտավոր քանի անգամ է վկան Սուսաննա Գասպարյանին տեսել աշխատավայրում, Պետրոսյանը պատասխանեց՝ մինչև 10 անգամ։ Նա նշեց, որ երբ ոստիկանության պետի ռեֆերենտ է նշանակվել, այդ ժամանակ է իմացել, որ Սուսաննա Գասպարյանն ավագ ռեֆերենտի պաշտոնն է զբաղեցնում։

Վլադիմիր Գասպարյանը վկայի հարցաքննությունից հետո պարզաբանումներ տվեց դատարանում։ 4-րդ հարկի մի մասը ոստիկանապետինն է եղել՝ խորհրդակցությունների մեծ սենյակով, և թիկնազորինը։ Այդ միջանցքում երկու-երեք սենյակներ են եղել։

«Աշխատանքի ռեժիմի հետ կապված եղել են դեպքեր, որ 24 ժամ աշխատել են, այդ թվում նաև այս տղան, քանի որ միտինգներ էին, ցույցեր էին, շատ մարդկանց էին բերում, պետք էին իրավաբաններ, որպեսզի արձանագրություններ կազմեին և այլն» , – ընդգծեց Վլադիմիր Գասպարյանը։

Ըստ նրա՝ Սուսաննա Գասպարյանը «զբաղվել է մշակույթով», եղել է մշակույթի կենտրոնում, որը գտնվում էր 2-րդ հարկում՝ առանձին մուտքով․ «Իմ պայմաններում միջանցքներում մարդիկ ման չեն գալիս, իրենց աշխատասենյակներում աշխատում են, էքսկուրսիաներ միջանցքներում, ման գալ կաբինետից կաբինետ, ես թույլ չեմ տվել․ ռեժիմը շատ խիստ է եղել»։

Էրիկ Ալեքսանյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ Գեղամ Պետրոսյանի՝ որպես ռեֆերենտի և Սուսաննա Գասպարյանի՝ որպես ավագ ռեֆերենտի գործառույթների իրականացումը չի կարելի նույնացնել, քանի որ ռեֆերենտի գործառույթները որևէ իրավական, նորմատիվ ակտով չեն կարգավորվում։

Վլադիմիր Գասպարյանը վկայի վերաբերյալ էլ հայտարարություն արեց․ «Ինքը հաստիքով եղել է ռեֆերենտ, բայց ես իրեն տվել եմ աշխատակազմի ղեկավարին որպես օգնական, նույն գործն են արել միասին, որովհետև աշխատանքը շատ է եղել։

Մշակույթի մասով՝ Սուսաննա Գասպարյանը արտելներ էր գնում, որպեսզի ազգային շորերը կարել տար, հսկեր, որը եղել է ծանրագույն աշխատանք, պարի խմբակներն էր գնում․ մինչև գիշերվա ժամը 3-4 աշխատել են», – նշեց նա։

Այլ դատակոչված վկաներ չկային, նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը՝ ապրիլի 1-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել