Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Կրասնոյարուժսկի շրջանի Կոլոտիլովկա գյուղը, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Վնասվել է էլեկտրահաղորդման գիծը՝ գյուղացիներին թողնելով առանց հոսանքի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Կրակի տակ է հայտնվել նաև Գրեյվորոն քաղաքը։ Տուժածներ չկան, արկերի հետևանքով հրդեհվել են երկու մասնավոր բնակելի շենքերի տանիքներ և առաստաղներ, ասել է Գլադկովը։
Շեբեկինսկի քաղաքային շրջանում Մասլովոպրիստանսկոյե բնակավայրի Պոլյանա գյուղը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակմանը։
Առավոտյան հրետակոծության արդյունքում արդեն երեք մարդ է զոհվել, ասել է Գլադկովը։ Արկերից մեկը դիպել է բեռնատարին, որում եղել են տղամարդ և կին, նրանք մահացել են։ Գնդակոծության զոհ է դարձել ևս մի կին, ով որդու հետ եկել էր ավտոտնակի կոոպերատիվի շներին կերակրելու։