Այսօր աշխարհում նշվում է Աղքատության վերացման միջազգային օրը

Հոկտեմբերի 17-ին նշվում է Աղքատության վերացման միջազգային օրը: Այն հռչակվել է 1992թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:
Այսօր աշխարհում 1,4 մլրդ մարդ օրական ավելի քիչ, քան 1,25 դոլարով է ապրում: Իրավիճակը մտահոգիչ է պակաս զարգացած երկրներում: Աշխարհում չպաշտպանված զբաղվածության պայմաններում աշխատողների թիվը կազմում է ավելի քան 1,5 մլրդ մարդ` մոլորակի աշխատող բնակչության ընդհանուր թվի կեսից ավելին: Այսօր մեկ միլիարդ մարդ սովի է մատնված: Մոտ 9 միլիոն երեխաներ տարեկան մահանում են մինչև հինգ տարեկան հասակում: Մոլորակի բնակչության 80 տոկոսը չունեն սոցիալական պաշտպանություն, որը նրանց կօգներ հաղթահարել կենսական ռիսկերը:

2012թ. տվյալներով` ՀՀ-ում աղքատության տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, ինչը վտանգավոր է մեր երկրի համար: Այսինքն` ՀՀ բնակչության մոտ 30 տոկոսը (վերջին պաշտոնական տվյալներով` 35.8 տոկոսը) աղքատ է: Այս տոկոսը հաշվարկվում է բնակչության պաշտոնական թվից` 3 միլիոնից: Ստացվում է, որ Հայաստանում աղքատության գծից ցածր ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Իհարկե, հաշվի առնելով, որ բնակչության իրական թիվը ավելի փոքր է` 2.5-2.7 միլիոն, Հայաստանում աղքատության մակարդակն իրականում զգալիորեն ավելի բարձր է: Բայց ավելի կարևոր է այն, որ աղքատությունն օրեցօր խորանում է:

Ըստ տվյալների՝ Հայաստանում կա 125 հազ ձեռնարկություն, սակայն այդ քանակը չի նպաստում ՀՆԱ ցուցանիշի բարձր մակարդակին այն դեպքում, երբ Կիպրոսում և Դանիայում, լինելով շատ ավելի քիչ ձեռնարկություններ, ՀՆԱ-ի ցուցանիշը շատ բարձր է։ 2012թ-ին Հայաստանը գործարարությամբ զբաղվելու 55-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 66-րդ, իսկ Վրաստանը՝ 16-րդ։ Հարկերի հավաքման ցուցանիշով Հայաստանն այս տարի 159-րդ տեղից հասել է 153-րդին։

Կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն՝ Հայաստանը 129-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 143-րդ, իսկ Վրաստանը՝ 64-րդ։

Աշխատուժի բաշխումն ըստ ոլորտների՝ Հայաստանում ունի հետևյալ տեսքը՝ գյուղատնտեսությունում 46,2% է, արդյունաբերության մեջ՝ 15,6%։ Վրաստանում գյուղատնտեսության մեջ ընդգրկված է բնակչության 55,6%-ը, իսկ արդյունաբերության մեջ՝ 8,9%-ը, Ադրբեջանում գյուղատնտեսությամբ զբաղվում է բնակչության 38%-ը, արդյունաբերությամբ՝ 12,1%-ը։

Գործազրկության ցուցանիշը Հայաստանում 6,4% է, Վրաստանում՝ 16,4%, իսկ Ադրբեջանում 0,9% է։ Աղքատությունը Հայաստանում կազմում է մոտավորապես 35%, Վրաստանում՝ 31%, իսկ Ադրբեջանում՝ 11%։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել