Սասուն Խաչատրյանը հակադարձում է Դատական դեպարտամենտին

Դատական դեպարտամենտը նոյեմբերի 23-ին հայտարարություն էր տարածել «Դատական դեպարտամենտի արձագանքն այսօր կառավարության նիստում հնչած մեղադրանքին» վերտառությամբ, որի ընթացքում անդրադարձել էր գործադիրի նիստի ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքերին՝ նշելով․ «Եթե որևէ դատավորի որոշում որևէ պետական մարմին ցանկանում է կասկածի տակ դնել, ապա կա երկու եղանակ` վերադաս ատյան բողոքարկումը կամ դատավորին կարգապահական պատասխանատության ենթարկելու գործիքակազմը»:

Դեպարտամենտը հայտնել էր նաև, որ «նախաքննական մարմնի կողմից բավարար ապացույցներ ու հիմնավորումներ չեն ներկայացվել, որ մեղադրյալները կալանքի բացակայության դեպքում կարող են խոչընդոտել քննությանը»:

Iravaban.net-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն անդրադարձել է արված հայտարարությանը՝ նշելով՝ գաղտնիք չէ, որ դատարան ուղարկված գործերը տարիներով ձգձգվում են, որի պատճառներից մեկը իրավունքի չարաշահումն է։

«Պաշտպանական կողմը նույն միջնորդությունը մի փորք ձևափոխելով, նորից ներկայացնելով, դատական նիստին չներկայանալով․․․Գուցե այդ «չներկայանալը» դիտվում  է հարգելի, որովհետև ինչ-որ բժշկական փաստաթուղթ են բերում կամ այլ բնույթի հիմքեր են ներկայացնում, բայց մենք ունենք փաստ, որ շատ հաճախ տեղի են ունենում իրավունքի չարաշահումներ։ Հարց է, որ այդ իրավունքի չարաշահումը չի գնահատվում որպես այդպիսին։ Դրա հետևանքով մենք ունենում ենք տարիներով ձգձգվող գործեր։ Կառավարության նիստի ժամանակ ես մասնավորապես խոսեցի խափանման միջոց կալանքի ընտրության մասին, քանի որ պրակտիկայում այդ «իրավունքի չարաշահումը» տեղի է ունենում հիմնականում այն դեպքերում, երբ ընտրված է լինում այլ խափանման միջոց, ազատությունից զրկելու հետ չկապված»,-նշում է կոմիտեի նախագահը։

Սասուն Խաչատրյանի համար անհասկանալի էր նաև, թե Դատական դեպարտամենտը իր որ լիազորությունների շրջանակում է հայտարարությունում նշված եզրահանգումներն անում․ ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով դեպարտամենտը կոչված է ապահովելու Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների նորմալ գործունեությունը։ Սրանից զատ կառույցն այլ իրավասություն չունի։ Քննարկել այս կամ այն քրեական գործով խափանման միջոցի ընտրության հիմնավորվածությունը և օրինականությունը․․․ինձ հետաքրքիր է՝ իրենց ո՞ր լիազորության շրջանակում են դա քննարկում»։

Կոմիտեի նախագահի խոսքով՝ երբ դատարանները իրենց մեջ համարձակություն գտնեն և իրավունքի չարաշահումներին տան պատշաճ գնահատական, դատական քննության ավելի ողջամիտ ժամկետներ կհաստատվեն։ Այսօրվա ժամկետները, ըստ Սասուն Խաչատրյանի, «ողջամիտ» չեն կարող գնահատվել։

«Հանրահայտ փաստ է, որ ուշացած արդարադատությունը ձախողված արդարադատություն է։ Տեղին է հանրության այն դժգոհությունը, որ կան կալանավորումներ, ձերբակալություններ, գործեր են գնում դատարան, բայց մենք չունենք դատավճիռներ։ Իմ ասածը վերաբերել է այդ հանգամանքին։ Պետք է պատշաճ գնահատական տրվի իրավունքի չարաշահմանը»,-նշում է Սասուն Խաչատրյանը։

Լրացված

Ավելի ուշ կոմիտեն հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Նախօրեին ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ մեջբերելով, մասնավորապես, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի՝ կոնկրետ քրեական գործի առնչությամբ նույն օրը ՀՀ կառավարության նիստի ընթացքում կատարած այն դիտարկումը, որ դատարանը, քրեական գործը վարույթ ընդունելուց հետո բոլոր մեղադրյալներին կալանքից ազատել է. «Ես ամենևին չեմ ուզում քննարկել դատարանի որոշումը, բայց մենք ունենք իրավիճակ, երբ, որպես պրակտիկա, կալանքի տակ չգտնվելու դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են, դա խնդիր է»:

Դատական դեպարտամենտը, փաստերի վերը նշված արձանագրումները դիտարկելով որպես դատական իշխանությանն ուղղված մեղադրանք, հայտարարություն է տարածել կոնկրետ քրեական գործով մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմնավորումների և նախաքննական մարմնի կողմից ներկայացված ապացույցների բավարարության վերաբերյալ:

Ըստ էության, Դատական դեպարտամենտը, որպես Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ, կոչված լինելով ապահովել ԲԴԽ-ի, դատարանների, դատավորների ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նաև քաղաքացիական, գանձապետական համակարգի, գնումների, ֆինանսատնտեսական և այլ գույքային իրավահարաբերություններին նշված մարմինների մասնակցությունը, փորձել է մեկնաբանություններ կատարել դատական ակտերի և նախաքննական մարմնի ներկայացարած ապացույցների հիմնավորվածության կապակցությամբ, որի լիազորությամբ օժտված չէ:

Ավելին, իրեն վերագրելով իրավապահ այլ մարմինների համար օրենքի կիրառման մեկնաբանություններ կատարելու գործառույթ՝ որոշակի դասագրքային վերլուծություններ է կատարել խափանման միջոցների նշանակության, կիրառման նպատակների վերաբերյալ և ապա՝ դատական իշխանության անունից պատրաստակամություն հայտնել հրապարակային քննարկումներում հանրությանը, իշխանության մյուս թևերին և անկախ մարմիններին ներկայացնել իր հիմնավորումներն ու մտահոգությունները:

Զերծ մնալով դատական քննության փուլում գտնվող քրեական գործերով դատարանների կայացրած որոշումների հրապարակային քննարկումներից և ապացույցների գնահատումից՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնպահ կմնա նաև այդ մասին Դատական դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ հնչեցրած մեկնաբանություններին արձագանքելուց՝ հատկապես հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարությունը տարածած մարմինը նույնպես նման որևէ իրավասություն չունի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել