«Վախից դողում էինք, չգիտեինք՝ ինչ անեինք»․ Արցախի հայաթափումը՝ ականատեսի վկայությամբ

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Կարինե Բաղիշյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ Ասկերանի շրջանից է  բռնի տեղահանվել։Այնտեղ նա աշխատել է դպրոցում, որպես գրադարանավար։

Նա պատմում է, որ 2020 թվականին թշնամու կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով էլ են ստիպված եղել տեղահանվել։

«Սեպտեմբերի 27-ին, որ սկսվեց պատերազմը, մենք դուրս չէին գալիս, ասացի՝ չէ, հեսա կվերջանա: Գնում էինք դպրոց, երեխաներին հույս էինք տալիս։ Հետո ասացին, որ անպայման պետք է տեղահանվենք, այլ կերպ չի լինի։ Երբ դուրս էինք գալիս, չեմ կարող ասել, թե մեր մեքենայի վերևով ոնց էին գնում այդ անօդաչուները, անտանելի էր։ Շուշին հենց դուր ենք եկել, մեր հետևից սկսել են ռմբակոծել։ Փառք Աստծո, դուրս եկանք, բայց այստեղ չէինք կարողանում հանգիստ ապրել։ Մեր հողը ձգում էր մեզ, նորից վերադարձանք Արցախ։ Մեզ այնտեղ ասացին, որ տուն կտան Աստղաշենում։ Երբ արդեն մեր տները բաժանեցին, մենք չգիտեինք, որ պետք է այս պատերազմը սկսվի, չէինք սպասում։ Մեզ համար հանգիստ ապրում էինք։ Սեպտեմբերի 19-ին դուրս եկա, տեսնեմ ի՞նչ, արդեն կրակում են։ Չէին կրակում է, խփում էին, այն էլ ինչ ձև։ Վախից դողում էինք, չգիտեինք՝ ինչ անեինք։ Հարևանն էլ իր երկու երեխաներին վերցրել եկել էր, բոլորս նստել, լացում էինք, չգիտեինք, թե ինչ անեինք։ Ասացի՝ բա՞ երեխեքս, կապ չկար։ Ամուսինս ասաց՝ էլ չեմ կարող դիմանալ, ինչքան ժամանակ էր, որ ոչինչ չկար ուտելու։ Չեմ կարող ասել, թե ինչ կատարվեց այդ երկու օրը»,-ասաց տիկին Կարինեն։

Սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո նրա ընտանիքը մի քանի օր մնացել է նկուղում։ Բենզին չի եղել, որ կարողանան դուրս գալ գյուղից։

«Վեց կիլոմետր պետք է գնայինք, որ հասնեինք քաղաք։ Հարևանների երեխաներն էլ էին եկել մեր տուն։ Ասում էին՝ Կարինա տոտա, խնդրում ենք մի գնա, մեզ էլ պահի։ Ասացի՝ Կարինա տոտան ի՞նչ անի, ինչ կա ձեռքս։ Հետո ասացին՝ եկեք Իվանյան՝ ռուսների մոտ հավաքվեք, այնտեղից ավտոբուսներով տանում են։ Գյուղապետին դիմեցինք, ասաց՝ սպասեք, հերթով գալիս են տարհանեն։ Ու մենք շատ մոտ էինք, մեր մոտից էին խփում։ Նստեցինք, սպասեցինք, թե երբ պետք է մեզ տարհանեն։ Միայն մեր լացն էր, ուրիշ ոչ մի բան։ Տեսնում էինք մեքենաների շարասյունը գնում էր։ Ամուսնուս համար էի վախենում, երկրորդ խմբի հաշմանդամություն անի։ Կարմիր խաչով էլ ուզում էի տանել, բայց վախենում էի, որ Վագիֆ Խաչատրյանի նման կանեն»,-ասաց մեր զրուցակիցը։

Տիկին Կարինեն ասում է, որ մի ուրալ է եղել, իրենց հարևանը իր մեքենան դրել է այդ ուրալի վրա, իրենց մեքենան էլ կապել է ուրալին և այդպես դուրս են եկել։

«Այդպես եկանք մինչև Ստեփանակերտ, ասացինք՝ գոնե բենզին գտնենք, որ կարողանանք գնալ։ Ասել էին, որ ոչ մի բան մեզ հետ չվերցնենք, չեն թողնում։ Մենք 4 օր ճանապարհին ենք եղել։ Երկու օր մնացել ենք Շուշիում։ Էս անցածը, էս վախը, թե մեր երեխեքը ո՞նց պիտի ապրեն, ես չգիտեմ»,-ասաց նա։

 Մեր զրուցակիցն ասում է՝ մի լույս կբացվի, այպես չի մնա։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել