Կարապետ Գուլոյանը և Ռոզա Ծառուկյանը պետք է ապացուցեն, որ իրենց ձեռք բերած գույքը և եկամուտները օրինական են

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 5-ին, շարունակվեց  Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի և նրա կնոջ՝ Ռոզա Ծառուկյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցի քննությունը:

Գլխավոր դատախազությունը պահանջում է Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից բռնագանձել․

  • Մեկ բնակելի տուն և մեկ հողամաս Կոտայքի մարզում,
  • 2 ընկերությունում՝ «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ում և «Էլեկտրոմոնտաժ» ՍՊԸ-ում ունեցած բաժնետոմսերը,
  • 1 մլրդ 638 մլն 557 հազար դրամ բարեխիղճ ձեռք բերողին փոխանցված գումար և 58 մլն 120 հազար ապօրինի եկամտի մնացորդ:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, քննարկվեց ապացուցման ենթակա փաստերի շրջանակը։ Պատասխանողների ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը նշեց, որ դատախազության վրա պետք է ապացուցման պարտականություն դրվի առ այն, որ ուսումնասիրությունը սկսելու պահին հայտնաբերված է եղել Կարապետ Գուլոյանի անվամբ 50 միլիոն դրամը գերազանցող գույք։

Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը։

«Դատախազության վրա պետք է դրվի ապացուցման պարտականություն առ այն, որ ուսումնասիրության ժամանակահատվածը երկարացնելու մասով ունեցել է այնպիսի բացառիկ հիմքեր, որոնք վերջինին հնարավորություն են տվել տվյալ ժամկետը երկարացնել և ավելի ժամանակահատված փորձել ներխուժել»,-նշեց փաստաբանը։

Ըստ նրա՝ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ տարբեր կարգավորումներ են գործում այլ երկրներում և պետք է նաև ձևավորված դատական պրակտիկան հաշվի առնել։ Նա պնդեց, որ ապացուցում պահանջող փաստերի շրջանակում ներառվի նաև այն, որ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական գործի և ենթադրյալ ապօրինի գույքերի միջև առկա է անուղղակի կապ։

«Եվրոպական դատարանը արձանագրել է․ եթե չկա ուղղակի կապ, առնվազն պետք է լինի անուղղակի կապ։ Այսինքն, ենթադրյալ գողացված գումարի և դրա արդյունքում անձի մոտ ակտիվների ավելացման միջև պետք է լինի կապ։ Հակառակ պարագայում մենք կունենանք մի իրավիճակ, որ փորձում են, շրջանցելով բոլոր վաղեմության ժամկետները, անձի քրեական հետապնդման քողի տակ փորձել վերջինիցս «խլել» իր աշխատած, իր ձեռք բերած գույքը»,-նշեց Հարություն Հարությունյանը։

Պատասխանողների ներկայացուցիչը նշեց, որ այս գործով տնտեսագետի կողմից դատարան են ներկայացվել որոշակի հաշվարկներ, որում ընդգրկված է վիճակագրական կոմիտեի տված նվազագույն սպառողական զամբյուղի մասին տեղեկությունը․ «Բացի այդ, Առողջապահության նախարարության աշխատակցի կողմից է տրվում տեղեկություն, որը վերաբերում է սննդային կալորիաներին։ Դրանով փորձում են հիմնավորել, թե մի անձը ինչքան կարող էր ուտել։ Պետք է այս մասով դատախազության վրա պարտականություն դնել՝ հիմնավորել, որ տնտեսագետի կողմից տրված հաշվարկները բխում են օրենքի տրամաբանությունից և թույլատրելի են այս գործով։ Պետք է դրվի պարտականություն, որ այդ հաշվարկները կիրառելի են ինչպես անչափահասների, այնպես էլ չափահաս անձանց համար»։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանը նշեց՝ ապօրինի գույքի բռնագանձման մի քանի մոդելներ կան տարբեր երկրներում, սակայն Հայաստանն ընտրել է չբացատրվող հարստացման վարույթը։ Այս պարագայում, դատախազի պնդմամբ, այսպես կոչված գողացված գումարի և դրա արդյունքում անձի մոտ ակտիվների ավելացման միջև կապի մասին խոսք գնալ չի կարող։

Նվազագույն սպառողական զամբյուղի վերաբերյալ դիտարկմանն անդրադառնալով դատախազը նշեց․ «Դատախազությունն իրեն հասանելի տեղեկությունների սահմաններում կարող է ձևավորել որոշակի ենթադրություն, ողջամիտ հավանականություն։ Դատախազությունը, ունենալով անձի՝ օրինական եկամուտների վերաբերյալ հասանելի տվյալներ, դրանց հիման վրա, համադրության արդյունքում ձևավորում է այդ ողջամիտ ենթադրությունը։ Այնպիսի ծախսերը, ինչպիսիք են նվազագույն ծախսերը, այս պարագայում լրիվ ճշտությամբ ուսումնասիրելու վերաբերյալ խոսք չի էլ կարող լինել»։

Համլետ Հարությունյանը գտնում է, որ օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքերի ներկայացման պարտականությունը պետք է կրի հայցվորը, իսկ պատասխանողը կարող է հերքել, օրինական եկամուտներով հիմնավորել դրանք։

Դատարանը ժամկետ տրամադրեց ապացույցներ ներկայացնելու համար, նիստը հետաձգվեց։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 1-ին։

Եվգենյա Համբարձումյան

Գլխավոր լուսանկարում Ռոզա Ծառուկյանի նկարը «Կենտրոն» հեռուստաընկերությանն է, իսկ Կարապետ Գուլոյանինը՝ ՀՀ կառավարությանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել