«Մարդու իրավունքի և առաջնորդության» ամառային դպրոց Ծաղկաձորում

Երևանի և մարզերի տարբեր դպրոցների 25 աշակերտներ իրենց ամառային արձակուրդից 5 օր նվիրել են «Մարդու իրավունքի և առաջնորդության» ամառային դպրոցին: Այն կազմակերպել է «Ժողովրդավարական կրթություն հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն Counterpart International և ԱՄՆ ՄԶԳ-ի կազմակերպության աջակցությամբ: Ծրագրին մասնակցության հայտ է ներկայացրել մոտ 100 աշակերտ: Արդյունքում ընտրվել են նրանք, ովքեր կարողացել են հաղթահարել շարադրության փուլը:

 

«Մենք հանձնարարել էինք գրել շարադրություն. «Ի՞նչ կանեի, եթե ես լինեի Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում» վերնագրով: Արդյունքում ընտրել ենք 25 աշակերտի, ովքեր առավել բովանդակային էին պատասխանել մեր կողմից առաջադրված հարցին: Ընտրված մասնակիցներից 6-ը Երևանից են, մնացած 19-ը տարբեր մազերից»,- ասաց «Ժողովրդավարական կրթություն հայական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը:

 

Դասերը դպրոցում անցկացվում են երկու փուլով. առավոտյան 10:00-ից մինչև 12:00-ը և երեկոյան 16:00-ից մինչ ժամը 18:00-ը: Ինչպես նաև մոտ մեկ ժամ հատկացվում է օրվա անցածն ամփոփելուն և ամրապնդելուն:

 

«Դասերն անցկացնում են «Ժողովրդավարական կրթություն հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» կազմակերպության մասնագետները, ովքեր նշված ոլորտում ունեն աշխատանքային մեծ փորձ և մեր կարծիքով և՛ մարդու իրավունքների, և՛ ժողովրդավարական ու քաղաքացիական կրթության լավագույն մասնագետներն են Հայաստանում»,- ասաց Ալեքսանդր Շագաֆյանը:

 

Աշակերտներն ամառային դպրոցի շրջանակներում հնարավորություն են ունենում հանդիպել նաև այնպիսի մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով և գործունեությամբ օրինակ են հանրության համար:

 

Մասնակիցներից շատերի մոտ տպավորվել է հատկապես Անահիտ Բախշյանի հետ հանդիպումը: Վերջինս, գրեթե երկու ժամ տևած հանդիպման ժամանակ անդրադարձել է կյանքում ճիշտ ընտրություն կատարելուն և առաջնորդության կարևորությանը:

 

Աշակերտները ոգևորված են պատմում ամառային դպրոցում իրենց անցկացրած օրերի և ստացած գիտելիքների մասին:

 

Արշակ Խուդավերդյանն ամառային դպրոցին մասնակցելու է եկել Իջևանից: Ծրագրի մասին տեղեկացել է համացանցից և որոշել մասնակցել: Նա համոզված է՝ դասընթացի ավարտին ստացած գիտելիքները հնարավորություն կտան իրեն պաշտպանել սեփական իրավունքները. «Եթե էստեղ սովորող յուրաքանչյուրը կարողանար կիրառել իր ստացած գիտելիքները, ապա մենք կունենաք քաղաքացիական հասարակություն և ժողովրդավար երկիր»:

 

Ամառային դպրոցի վերաբերյալ Արշակ Խուդավերդյանի բոլոր սպասումներն իրականացել են: Նա ուրախ է, որ ծրագիրն ունի շարունակական բնույթ. «Ստանալով համապատասխան գիտելիքներ, մենք այդ գիտելիքները պետք է կիրառենք յուրաքնաչյուրս մեր համայնքում և իրականացնենք մոնիթորինգ: Յուրաքանչյուրս մեր համայնքում գտնենք մի խնդիր, որտեղ մարդու իրավունքները խախտվել են և պարզենք, թե օգոստոսից-սեպտեմբեր ընկած հատվածում ինչ մակարդակով են խախտվել»:

 

Ծրագրի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու նաև ծաղկաձորյան գեղատեսիլ բնությանը և մշակութային արժեքներին: «Մարդու իրավունքների և առաջնորդության» ամառային դպրոցում ազատ ժամանցի և մշակութային միջոցառումների համար պատասխանատու է Նունե Հովաննիսյանը:

 

Ըստ նրա՝ մշակութային միջոցառումները հենց այն հենակետն են, որոնք նպաստում են միջանձնային հարաբերությունների ճիշտ կառուցմանը.

 

«Կազմակերպում ենք խաղեր, որոնք ունեն հոգեբանական առանձնահատկություն, որը թույլ կտա տարբեր մարզերից տարբեր հոգեբանական հատկություններ ունեցող երեխաներին համախմբվել: Կազմակերպում ենք նաև սպորտային խաղեր՝ շախմատ, ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ և այլն, որում երեխաները, ըստ նախասիրության, խաղում են միմյանց հետ»:

 

Կազմակերված միջոցառումների շրջանակում ծրագրի մասնակիցներն այցել են Օրբելիներին թանգարան, արշավ են կազմակերպել մոտակա անտառներից մեկը, ինչպես նաև արշավային տարբերակով քայլել Կեչառիսի վանական համալիր:

 

Մարդու իրավունքների և առաջնորդության ամառային դպրոցի մասնակիցներից Փառանձեմ Միքայելյանը տպավորված է կազմակերպված դասընթացներով և հրավիրված հյուրերից ստացած գիտելիքներով:

 

«Հետաքրքիր, բովանդակալից, ուսուցողական ամառային դպրոց է: Իմ ակնկալիքները լիովին բավարարվում են: Ես այստեղից կտանեմ նոր ընկերներ ու նոր գիտելիքներ»,-ասում է Փառանձեմ Միքայելյանը:

 

Տաթև Գևորգյանը Լոռու մարզից է եկել մասնակցելու ամառային դպրոցին: Նա ոչ միայն գիտելիքներ է ստացել մարդու իրավունքների մասին, այլ նաև ձեռք է բերել նոր ընկերներ. «Ծրագրի մասին իմացել եմ դպրոցից: Սիրում եմ մասնակցել նման ծրագրերի: Մասնակցում եմ, որպեսզի ստանամ ավելի շատ գիտելիքներ մարդու իրավունքների մասին և ամրապնդեմ իմ գիտելիքները առաջնորդության մասին: Բացի այդ ցանկանում եմ նաև նոր ընկերներ ձեռք բերել, որպեսզի հետագայում կարողանանք միասին տարբեր ծրագրեր կազմել»:

 

«Ժողվրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի խորհրդի անդամ Աշոտ Եղիազարյանը «Մարդու իրավուքների և առաջնորդության դպրոցում» պատասխանատու է մարդու իրավունքներին վերաբերող դասընթացների համար:

 

«Առաջին դասի ընթացքում երեխաներին ծանոթացրել ենք մարդու իրավունքներ հասկացության ծագմանը և պատմական արմատներին: Մեր նպատակն է այդ հարցի շուրջ ավելի խորքային ինֆորմացիա տալ երեխաներին: Ինչպես նաև հատուկ անդրադարձ է կատարվելու երեխաների իրավուքներին վերաբերող հայաստանյան օրենդրությանը»,- ասում է պարոն Եղիզարյանը:

 

Մասնակիցները վստահ են, որ այս ծրագրից հետո իրենց գիտելիքներով զինված կվերադառնան տուն և անպայման ստացած փորձը կփոխանցեն իրենց հասակակից ընկերներին, ովքեր ծրագրին մասնակցելու հնարավորություն չեն ունեցել:

 

ՖԼԵՔՍ ծրագրի շրջանավարտ Թամարա Հարությունյանը Կոտայքի մարզից է: Նրա խոսքով՝ ինքը միշտ երազել է աշխատել ՄԱԿ-ի գրասենյակում, և քանի որ այս ծրագիրը հենց մարդու իրավունքների մասին էր, որոշեց ընձեռված հանրավարությունը բաց չթողնել. «Երբ իմացա, որ անցել եմ շատ էի ուրախացել, որ ունեցա հնարավորություն գալ և ամրապնդել մարդու իրավունքների և առաջնորդության մասին իմ գիտելիքները: Քանի որ մենք ենք ապագա սերունդը և մենք ենք մեր երկիրը պահելու՝ դրա համար շատ կարևոր է նման միջոցառումներին մասնակցելը ու ինչքան հանարավոր է շատ ինֆորմացիա իմանալ»:

 

Թամարայի ակնկալիքն ամառային դպրոցից ստացած գիտելիքները ճիշտ օգտագործելն է: Օժենի Ավետիսյանը համակարծիք է Թամարայի հետ:

 

«Ես շատ ընկերներ եմ ձեռք բերել: Սովորեցի, թե ինչպես կարելի լավ առաջնորդ լինել և ընկերանալ մարդկանց հետ: Ինչպես նաև սովորեցի, որ մարդիկ ունեն իրավունքներ, որոնք չի կարելի ոտնահարել»,- ասաց Օժենի Ավետիսյանը:

 

Իրավունքների պաշտպանության հարցում 15-ամյա Դավիթ Աբրահամյանը ևս շատ գիտելիքներ է ստացել:

 

«Մարդու իրավունքների և առաջնորդության ամառային դպրոցում ես ստացա բազմաթիվ գիտելիքներ: Առաջին հերթին սովորեցի, թե ինչպես յուրաքանչյուր մարդ պետք է պաշտպանի իր իրավունքները»,- ասում է Դավիթը:

 

Ամառային դպրոցն ավարտվեց, կավարտվեն նաև ամառային արձակուրդները: Ծրագրի մասնակիցները մարդու իրավունքների պաշտպանության հարցում փոքր-ինչ գիտելիքներ ստացած կվերադառնան դպրոց` գուցե իրենց համար ապագայի ծրագիր կազմած` ինչ են անելու, եթե մի օր նրանց վստահվի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը Հայաստանում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել