Կլիմայի փոփոխությունը և կայուն զարգացումը․ Պոլիտեխնիկական համալսարանում կլոր սեղան քննարկում է անցկացվել

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ կազմակերպել էր «Կլիմայի փոփոխությունը և կայուն զարգացումը» թեմայով կլոր սեղան քննարկում։ Այն նպատակ ուներ անդրադառնալ կլիմայի փոփոխության միտումներին և վեր հանել կայուն զարգացման խնդիրները կրթական, նորարարական ինժեներական լուծումների, վերականգնվող և կանաչ էներգիայի, աղետների ռիսկերի կառավարման, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի և վաղ ազդարարման համակարգերի ներդրման և այլ ոլորտներում:

«Պոլիտեխնիկական համալսարանի համար շատ կարևոր են նման քննարկումները, քանզի ամբողջ աշխարհում ցանկացած փոփոխություն և նորարար գաղափար, գիտության արդյունքում ծնված մարտահրավեր, կարող է կյանքի կոչվել համապատասխան ինստիտուտների ձևավորման և այդ ձևավորման արդյունքում կրթության կազմակերպման միջոցով։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք արդյունքներ գրանցել այն դեպքում, երբ պետությունն ու պետության ստանձնած պարտավորությունը, միջազգային գործընկերները և կրթական համակարգերը համատեղ, սինխրոն աշխատեն՝ յուրաքանչյուրն իր դերում իր նպատակն իրականացնելու համար»,-իր ողջույնի խոսքում ասաց ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Խոսելով քննարկման թեմայի մասին՝ ռեկտորը նշեց, որ հաճախ ականատեսն է լինում նրան, որ թե՛ մասնագիտական համայնքը, թե՛ քաղաքացիներն առհասարակ չեն ընկալում՝ ինչի մասին է խոսքը, ինչ է կայուն զարգացման ծրագիրը, ինչ է կլիմայի փոփոխությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նշեց, որ կայուն, կանաչ զարգացումը կառավարության առաջնահերթությունների ցանկից է։

«Այս գործում ունենք մեր գործընկերները՝ մասնավոր ընկերությունները, որոնք աշխատում են ոլորտում, պետական համակարգի տարբեր մասնիկների ներգրավվածությունը, բայց այս պահի դրությամբ մեզ շատ անհրաժեշտ են կադրեր, կրթական համալիրի ներգրավումն այս գործընթացում»,-նշեց փոխնախարարը։

Կլիմայի փոփոխությունը և կայուն զարգացումը թեմայով զեկույցով հանդես եկավ Հայկ Իգիթյանը, որին հետևեց աշխատանքային քննարկումը։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել