Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն ու ընտանիքի անդամները ցույց են անցկացնում կառավարության շենքի մոտ, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Հանրահավաքի մասնակիցների մի մասը պահանջում է ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին, ոմանք էլ պահանջում են Սաակաշվիլիին տեղափոխել արտերկիր բուժման նպատակով։
«Այս ակցիայի նպատակը մեկ մարդու կյանք փրկելն է։ Ես գոհ եմ, շնորհակալ եմ «Վիվամեդ»-ի բժիշկներին, բայց խնդիրն այն է, որ վիճակը չի բարելավվել, լուրջ է»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան։
Ակցիային մասնակցում են նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Կառավարության շենքի մոտ ներկա են «Ազգային շարժման», «Լելոյի» և «Ռազմավարություն Աղմաշենեբելի» անդամները, հանրահավաքին մասնակցում է նաև Զուրաբ Ջափարիձեն։
Ինչպես ասում են կառավարության շենքի մոտ հավաքվածները, այսօրվա ակցիան նախազգուշացում է, և եթե կառավարությունը մեկ շաբաթվա ընթացքում Սաակաշվիլիի բուժման համար արտերկիր տեղափոխելու որոշում չընդունի, իրենք մշտական բողոքի ակցիաներ կանցկացնեն։