Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ուրբաթ օրը Աստանայում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ մեկնարկած հանդիպման ընթացքում ինքը հույս ունի քննարկել երեք երկրների նախագահների 2020 և 2021 թվականների պայմանավորվածությունների կատարման հարցը՝ հասկանալու համար, թե «ինչպես շարժվել առաջ»: Գրում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Ելնելով այն հանգամանքից, որ ժամանակն արագ է ընթանում, իրադարձությունները բավականին արագ են զարգանում, կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է խոսելու այս թեմայի շուրջ և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր ղեկավարներին՝ կապված իրենց ստորագրած համաձայնագրերի կատարման հետ»,-ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի «ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ գնալ»։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին նշել է, որ այս տարվա մայիսին եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումից ի վեր զգալի թվով շփումներ են տեղի ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով։
Բայրամովը հավելել է, որ օգտակար կլինի խոսել «խաղաղ կարգավորման այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ պետական սահմանի սահմանազատման, հաղորդակցությունների բացման», ինչպես նաև մարդասիրական բնույթի հարցերի։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև եռակողմ հայտարարություններին համահունչ ԼՂ հիմնախնդրի լուծումներ գտնելու համար։