Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը խլել է 105 մարդու կյանք, տասնյակ մարդիկ վիրավորվել են, տասնյակ մարդիկ անհետ կորել են, հասցվել է լուրջ նյութական վնաս։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
«Ադրբեջանը գերեվարել է առնվազն 7 հայի, բայց նրանց թիվը կարող է ավելին լինել։ Ավերածությունների մասշտաբներն այնքան մեծ են, որ նախնական տվյալներով՝ վնասվել է մոտ 200 տուն, որոնցից 60-ն ամբողջությամբ ավերվել է։ Մի քանի օր անընդմեջ Հայաստանի մի շարք խիտ բնակեցված տարածքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Սոթքը ենթարկվում էին ուժեղ գնդակոծության։ Ըստ վերջին հաղորդագրությունների՝ հարձակման հետևանքով Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց ձորում տեղահանվել է առնվազն 2756 մարդ, այդ թվում՝ 370 երեխա եւ 55 հաշմանդամ։
Նա նշել է, որ Հայաստանը բացահայտ ջանքեր է գործադրում տարածաշրջանի հետ աշխատելու համար և արդեն հայտարարել է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։
«Այս ագրեսիան Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին։
Ադրբեջանը կարդարացնի իր երկրի գիշատիչ պահվածքը, բայց եկեք չշփոթենք՝ Հայաստանի նախաձեռնությամբ զինված հարվածներ չեն իրականացվել։ Մենք հասկանում ենք, որ երկար տարիներ այդ մեղադրական խաղերը եղել են Ադրբեջանի լավագույն բարեկամները։ Հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը դեմ է հրադադարի ռեժիմի խախտումները բացահայտելու մեխանիզմներ ստեղծելու գաղափարին»,-ասել է Մարգարյանը։