Ուրախությամբ հայտնում եմ, որ Ռասայական խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտեն երեկ հրապարակեց իր վերջին զեկույցը Ադրբեջանի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավաբան Տարոն Սիմոնյանը։
«Զեկույցում՝ ի թիվս այլ խախտումների, նշվում է, որ Ադրբեջանում կա «հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ ռասայական ատելության հրահրում և ռասիստական կարծրատիպերի տարածում, այդ թվում՝ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև՝ հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից։ Առկա է նաև նման արարքների հետաքննության, հետապնդումների, դատապարտումների և պատժամիջոցների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայություն»:
Ավելին, Կոմիտեն «մտահոգված է այն հաղորդումների առնչությամբ, որ դպրոցական դասագրքերը, հատկապես, էթնիկ հայերի դեմ նպաստում են նախապաշարմունքներին և ռասայական ատելության հրահրմանը, էթնիկ փոքրամասնությունների մարգինալացմանը պատմության կրթական ծրագրերում»:
Սա ևս մեկ կարևոր քայլ է դիվանագիտական ու իրավական հարթակներում հայկական շահն առաջ տանելու ուղղությամբ»։