Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծից հետո մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործի քննությունը:
Դատավոր Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ դատարան է ներկայացվել միջնորդություն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի կողմից: Նրանք խնդրել են գործին կցել 2012 թվականի սեպտեմբերին «Նուվել դԱրմենի» ամսագրում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը: Ըստ միջնորդության՝ այդ հարցազրույցում վերջինս մի շարք տվյալներ է հայտնել, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի համար:
Փաստաբան Տիգրան Եգորյանը դատարան ներկայացրեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նեյրովիաբուժական բաժանմունքի պետ Արման Հակոբյանին արված փաստաբանական հարցման պատասխանը: Նա Վահե Ավետյանի վիրահատած բժիշկն է:
Դատավորն ընթերցեց նաև մեղադրող դատախազ Արմեն Մարուխյանի միջնորդությունը: Նա խնդրել էր կալանք դնել ամբաստանյալների գույքի վրա:
Դատական նիստը շարունակվում է
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net