«Քանդակագործությունը նվիրում, քրտնաջան աշխատանք է պահանջում, այն չպետք է համարել միայն գումար վաստակելու ուղի»․ երիտասարդ քանդակագործ Մոմիկ Մանուկյան

Երիտասարդ քանդակագործ, նկարիչ Մոմիկ Մանուկյանը «Փյունիկ» զարգացման կենտրոնում հանդես եկավ անհատական ցուցահանդեսով, որտեղ ներկայացված են տարբեր ժամանակահատվածների իր աշխատանքները։

Նա Iravaban.net-ի հետ զրույցում պատմեց՝ ինչպես է ընտրել արվեստի այս ճյուղը, նշեց՝ այդ հարցում մեծ դերակատարում է ունեցել իր հայրը, նրա խորհրդով, նրա աշխատանքները տեսնելով ոգեշնչվել, իսկ հետագայում արդեն խորացրել է մասնագիտական գիտելիքները։

«Ոգեշնչման տարբեր աղբյուրներ ունեմ։ Իմ քանդակներում ավելի շատ անդրադարձել եմ մեր պոեմներին, ժամանակի հետ կապված ստեղծագործություններ ունեմ հունական դիցաբանությունից, իմ դիտողները դրական լիցքեր կվերցնեն, միայն սառը քանդակ չէ, ինքը խոսուն է, ինչքանով ես պատկերացնում եմ»,-ասաց նա։

Երիտասարդ քանդակագործների համար, ըստ մեր զրուցակցի, առաջին խնդիրն այն է, որ բուհն ավարտելուց հետո չի ունենում արվեստանոց, հնարավորություն՝ իր աշխատանքները ցուցադրելու․ «Քանդակագործությունը նվիրում, քրտնաջան աշխատանք է պահանջում, այն չպետք է համարել միայն գումար վաստակելու ուղի, ու պետք է շատ սիրել»։

Հիշեցնենք՝ անհատական ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 20-ը, հասցե՝ Բուզանդ 3/1։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել