Փաստաբանների պալատը բավականին լավ վիճակում է հանձնվում պալատի հաջորդ նախագահին․ Սիմոն Բաբայան

Սեպտեմբերի 12-ին Փաստաբանների պալատում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ։ Ընտրության կապակցությամբ գրանցված թեկնածուներն են Սիմոն Բաբայանը, Թամարա Պողոսյանը և Գևորգ Գյոզալյանը։

Իրավաբան․net-ը զրուցել է Սիմոն Բաբայանի հետ, ով հանդիսանում է նաև Փաստաբանական դպրոցի տնօրենը։

-Պալատը քաղաքականացված կառույց համարո՞ւմ եք։

-Իհարկե՝ ոչ։ Պալատը քաղաքականացված կառույց չէ։ Մենք ունենք փաստաբաններ, ովքեր ընդգրկվում են որոշակի քաղաքական գործընթացներում։ Փաստաբանի մասնագիտությունն անկախ մասնագիտություն է։ Պալատը, բացառությամբ էթիկայի կանոնների խախտումների, հնարավորություն չունի ազդեցություն գործել փաստաբանի մասնավոր կյանքի և գործունեության վրա։  Մենք չունենք նման իրավական արգելք։

-Ինչպե՞ս եք գնահատում Փաստաբանական դպրոցի աշխատանքն այս տարիներին։

 -2014 թվականին, երբ ստանձնեցի դպրոցի պատասխանատուի պաշտոնը, մենք բազում խնդիրներ ունեինք։ Առաջին քայլն այն էր, որ մասնագիտությունները տարանջատվեցին, տարանջատվեցին նաև ուսումնական ծրագրերը։ Ինձ դեպքեր են հայտնի, երբ հնչեցնում են, որ Փաստաբանական դպրոցում դասավանդում են ակադեմիական դասընթացներ, որոնք դասավանդում են համալսարաններում։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Հակառակը, մեր շեշտադրումները կատարվում է նրան, որ դասընթացները, որոնք դասավանդվում են դպրոցում, խիստ իրավակիրառ և պրակտիկ բնույթի են։

Օրինակ՝ այսօր Փաստաբանական դպրոցի ունկնդիրները պետք է անցնեն 2 սիմուլյացիոն դատավարություն։ Դա իրականին մաքսիմալ մոտեցված դատական պրոցես է, որը վարվում է դատավորի կողմից։

-Մի քանի պալատ ունենալու մոտեցումը Ձեզ համար ընդունելի՞ է։

-Կան տեսակետներ, որ հնարավորություն կա ստեղծել մի քանի պալատներ։ Ես կարծում եմ՝ այդ օրինակը լավագույնը չէ։ Տարիներ առաջ մենք ունեցել ենք այդ խնդիրը, գործում էին մի քանի պալատներ։ Փաստաբանների պաշտպանվածությունը, անկախության գործոնը նվազ մակարդակի վրա էր։ Մեր ձեռքբերումների մեծ մասը պայմանավորված է նրանով, որ մենք ունենք միասնական կառույց։ Այդ քայլին գնալը օգուտ չի բերի փաստաբանական ինստիտուտին։

Բացի այդ, երևույթը տարածում չունի մեր միջազգային գործընկերների մոտ։ Օրինակ՝ ԱՊՀ տարածքում մենք գործ ունենք մոնո փաստաբանական պալատների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հ․Գ․ առաջիկա օրերին կհրապարակվեն հարցազրույցները նաև մյուս թեկնածուների հետ։

Կարդացեք նաև ՓՊ նախագահի մյուս թեկնածու Գևորգ Գյոզալյանի հարցազրույցը․

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել