Սահմանադրական դատարանում հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ այսօր՝ հուլիսի 12-ին, Դատախազության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանն ասաց ասաց․
«Գլխավոր Դատախազության աշխատանքային խումբը ձևավորման պահից՝ 2021 թվականի մայիսի 12-ից սկած ամենօրյա մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած առերևույթ ընտրական հանցագորությունների վերաբերյալ 861 հաղորդում։ Բացի այդ՝ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում ընտրական հանցագործությունների մի զգալի մասը միջին ծանրության հանցագործությունից վերածվեցին ծանր հանցագործությունների։
Նա նշեց, որ 861 հաղորդումներից 172-ը վերաբերել են «Հայաստան» դաշինքի համակիրների, կողմնակիցների, այս կամ այն կերպ դաշինքին հարող անձանց կողմից կատարվելիք հանգամանքին։ Նշված 172-ից 71-ը վերաբերել են կաշառք տալ կամ ստանալ հանցակազմին։ Նշված հաղորդումներից 12 դեպքով ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հարուցվել են քրեական գործեր։ Իսկ 160 դեպքով կատարվել են ստուգողական գործողություններ և դրանց անհետևանք թողնելու վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
«Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների, կողմնակիցների, այս կամ այն կերպ դաշինքին հարող անձանց կողմից կատարված առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների թիվը կազմել է 57, որոնցից 39-ը վերաբերվել են կաշառք տալուն կամ ստանալուն, նշված դեպքերից 17-ով ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հարուցվել են քրեական գործեր։ Իսկ 40 դեպքով կատարվել են ստուգողական գործողություններ և թողնվել են անհետևանք։
«Քաղաքացիական պայմանագրի» համակիրների, կողմնակիցների, այս կամ այն կերպ դաշինքին հարող անձանց կողմից կատարված առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների թիվը կազմել է 84, որոնցից 13-ը վերաբերել են կաշառք տալուն կամ ստանալուն, բոլոր 84-ի պարագայում կատարվել են ստուգողական գործողություններ և թողնվել են անհետևանք»։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Մանրամասները՝ տեսանյութում