Պատերազմից տուժած անձանց վերաբերող առաջարկությունները «քնեցվել են» փոխվարչապետի գրասենյակում

Իրավաբանների հայկական ասոցիացիան 2020 թվականին իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի կատարման մոնիթորինգ, որի արդյունքում առաջարկներ են ներկայացվել պատկան մարմիններին։

ԻՀԱ փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով՝ մոնիթորինգի ընթացքում գործողությունները գնահատման են ենթարկվել ոչ միայն քանակական, այլ նաև որակական առումով՝ նկատի ունենալով, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել կոնկրետ գործողության կատարումը՝ այս կամ այն ոլորտում։ Առաջարկները ներկայացվել են Արդարադատության նախարարությանը, ինչպես նաև այլ իրավասու մարմիններին, որոնք առնչվում էին կոնկրետ գործողության կատարման հետ։

«Մոնիթորինգն իրականացվել էր մայիսից սեպտեմբեր ամիսներին, ամփոփվել՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Սեպտեմբերին տեղի ունեցավ այն՝ ինչը եղավ․ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Այս տեսանկյունից՝ այն բացասական և այն կոպտագույն խախտումները, որոնց մենք ականատես եղանք՝ տեղ չգտան զեկույցում, որովհետև դաշտային աշխատանքները կատարվել էին մինչև պատերազմի մեկնարկը։ Բայց, այդուհանդերձ, մեզ սա չկանգնեցրեց։ Մենք երկրորդ փուլով քննարկում իրականցրինք ու մշակեցինք համապատասխան առաջարկներ նաև պատերազմից տուժած անձանց իրավունքների պաշտպանության, ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության մասով՝ առաջնորդվելով այն սկզբուքնով, որ մարդը բարձրագույն արժեք է համարվում և ազգային ռազմավարության բոլոր փոփոխություններն այսուհետ պետք է բխեն այդ արժեքին և չլինեն լոկ խոսքեր ու սկզբունքներ, որոնք թղթի վրա են մնացել»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ այդ առաջարկները վերաբերել են գերիների վերադարձի խնդրին, որոնք պետք է անպայման տեղ գտնեն Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության շրջանակներում, երկրորդը՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրվունքների խնդիրն է և երրորդը՝ բռնի տեղահանված անձանց խնդիրը, ովքեր պատերազմական գործողությունների արդյունքում ստիպված էին թողնել իրենց տունը, ունեցվածքն ու տեղափոխվել այլ վայրեր։

«Դրանց վերաբերյալ կոնկրետ առաջարկներ են ներկայացվել՝ այդ թվում՝ զինծառայողների պրոթեզավորման, վերականգնողական, հոգեբանական աջակցության, աշխատանքի, կրթության իրավունքի հետ կապված հարցեր և այլն։ Մենք կարծում ենք, որ ազգային ռազմավարությունը, եթե ոչ ամբողջությամբ, ապա 50-60 տոկոսով պետք է փոխվի և հարմարեցվի նոր իրողություններին»,-ասաց փորձագետը։

Ինչպես նշում է մեր զրուցակիցը՝ Արդարադատության նախարարությունը համաձայնել է այս առաջարկություններին, դեկտեմբեր ամսին տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության համակարգող խորհրդի նիստը, որի ժամանակ ևս առաջարկները ներկայացվել են, ամբողջությամբ հավանության արժանացել։

Սակայն, այս փոփոխությունները շուրջ 5 ամիս անց էլ դեռ չեն կատարվել։ «Մեր ունեցած տեղեկություններով, դրանք փոխանցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, բայց, որպես այդպիսին, որևէ առաջընթաց չկա»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել