Գոհար Սիմոնյանը կառավարության որոշմամբ կգործուղվի Եվրոպայի խորհրդի ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն

Կառավարությունն այսօր՝ փետրվարի 11-ին, հերթական նիստի ժամանակ որոշում կընդունի Գոհար Սիմոնյանին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպակա դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղելու մասին։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման բնագավառում որոշակի բարդություն է ներկայացնում կայացված ու ակնկալվող մի շարք խնդրահարույց վճիռների կատարումը։

2021թ. ընթացքում սպասվող և քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ բարդություն ներկայացնող վճիռների կատարման գործընթացի առավել ակտիվ շրջան թևակոխելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ կայացված բոլոր վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու համատեքստում մեծապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից գործուղված իրավաբան(ներ)ի ներկայությունը ԵԽ համակարգում և հատկապես ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում։

ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում իրավաբանի առկայությունը թույլ է տալիս Հայաստանի վերաբերյալ վճիռներին առնչվող հարցերում ժամանակին և պատշաճ աշխատանքներ իրականացնել վճիռների կատարման ընթացքում, ինչպես նաև ԵԽ Նախարարների կոմիտեին տրամադրել ակնկալվող տեղեկատվությունը, ինչը բազմիցս օգտակար է եղել ՀՀ արդարադատության նախարարությանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը։

Հարկ է նշել նաև, որ համակարգում իրավաբանի ներկայությունն արդյունավետ է նաև կատարման առումով բարդություն ներկայացնող վճիռների իրականացման ընթացքում երկկողմ հաղորդակցություն ապահովելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հրատապ խորհրդակցություններ և բանակցություններ նախաձեռնելու և կազմակերպելու հարցում։

Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1259-Ա որոշմամբ 2019 թվականի հունվարի 1-ից մեկ տարի ժամկետով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն էր գործուղվել Վահե Դեմիրճյանը: ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ գործուղման ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ տարով։

Արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 22-ի N 486-Ա հրամանով հաստատված՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության» կարգի համաձայն նշյալ պաշտոնի համար անցկացված մրցույթի արդյունքներով մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել Գոհար Սիմոնյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման բնագավառում աշխատանքի արդյունավետության շարունակականությունն ապահովելու նպատակով էապես կարևորվում է Գոհար Սիմոնյանի գործուղումը։

ՀՀ-ից ԵԽ քարտուղարություն գործուղման ծախսերը հաշվարկվում են «ՀՀ դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության հարակից որոշումներով նախատեսված՝ «խորհրդական» դիվանագիտական պաշտոնին համապատասխան դրույքաչափերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել