«2020-ի համաճարակը վերջինը չի լինի, ուստի համաշխարհային հանրությունը պետք է ուժեղացնի առողջապահական համակարգերը և պատրաստվի նոր արտակարգ իրավիճակների»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Պատմությունը մեզ ասում է, որ ներկայիս համաճարակը վերջինը չի լինի, և որ համաճարակներն իրականություն են», – ասել է նա դեկտեմբերի 27-ին Ժնևում Հակահամաճարակային պատրաստվածության միջազգային օրվան նվիրված տեսաուղերձում :
«Դժվար է հավատալ, որ մեկ տարի առաջ COVID-19- ը մեզ համար բոլորովին անհայտ էր», – ասել է ԱՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ վերջին 12 ամիսների ընթացքում մեր աշխարհը գլխիվայր շուռ եկավ:
Նա նշել է, որ կորոնավիրուսի կողմից հարուցված հիվանդության աշխարհի վրա ազդեցությունը «դուրս է եկել հիվանդության բուն սահմաններից և հեռանկարային հետևանքներ ունի հասարակությունների և տնտեսությունների համար»:
Ինչպես շեշտել է Հեբրեյեսուսը, դա չպետք է զարմանալի լինի, քանի որ «տարիների ընթացքում եղել են բազմաթիվ հաղորդագրություններ, ակնարկներ և առաջարկություններ, որոնք ասում էին, որ աշխարհը պատրաստ չէ համաճարակի»: Աշխահը պետք է դասեր քաղի կատարվածից։ Նա ասել է, որ ներդրումները պետք է ուղղվեն արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և առաջնային առողջապահության զարգացմանը: ԱՀԿ գլխավոր տնօրենի խոսքով՝ համաճարակը «ընդգծեց մարդու, կենդանիների և մոլորակների առողջության սերտ կապը»: Հետևաբար, մարդու առողջությունը բարելավելու ցանկացած ջանք դատապարտված կլինի ձախողման, եթե հաշվի չառնվեն «մարդու և կենդանիների միջև կարևոր փոխազդեցությունները, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետ կապված էքզիստենցիալ սպառնալիքները»:
Այս տարի Հակահամաճարակային պատրաստության միջազգային օրը առաջին անգամ է նշվում՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դեկտեմբերի 7-ին ընդունված բանաձևի: Այս օրվա միջոցառումների նպատակը համաճարակների կանխարգելման խնդրի վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումն է, դրանց համար պատրաստվածության բարձրացումը։
Աշխարհում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 80 միլիոնը՝ վերջին 24 ժամվա ընթացքում ավելանալով ավելի քան 401 հազարով: ԱՀԿ շաբաթ օրը հրապարակված տվյալների համաձայն, մահացությունների թիվն աճել է ավելի քան 7,3 հազարով ՝ գերազանցելով 1,74 միլիոնը:
Հիշեցնենք, որ մարտի կեսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համաճարակ: Հայտնաբերված ամենավաղ դեպքը եղել է Չինաստանի Ուուհան քաղաքում: