Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն արդեն պայմանագրեր է կնքել թուրքական ընկերությունների հետ՝ Ղարաբաղում վերադարձված տարածքները վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Չորեքշաբթի Ալիեւը հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության և միջազգային համագործակցության պետքարտուղար Մանլիո Դի Ստեֆանոյի հետ:
«Առաջին պայմանագրերը կնքվել են թուրքական ընկերությունների հետ, և դա բնական է, քանի որ Թուրքիան եղբայրական երկիր է: Հուսով եմ, որ հաջորդ պայմանագրերը կստորագրվեն իտալական ընկերությունների հետ: Սա ևս բնական է, քանի որ Իտալիան Ադրբեջանի ընկերն է: Երկար տարիների դիվանագիտական հարաբերությունների ընթացքում մեր երկրները, և հատկապես պատերազմի տարիներին մենք ականատես եղանք ձեր դիրքորոշմանը: Ձեր երկրի խորհրդարանի ներկայացուցիչների այցը Ադրբեջան պատերազմն ավարտվելուց մեկ ամիս չանցած, ցույց է տալիս մեր ամուր բարեկամական հարաբերությունները: Մենք բարձր ենք գնահատում համերաշխության և աջակցության այս ժեստը»,-հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։