Ստեղծվել են սնանկության գործով կառավարիչների վերապատրաստումների արդյունավետության բարձրացման նախադրյալներ

Ցանկացած ոլորտում մասնագիտական պատշաճ պատրաստվածության ապահովման երաշխիք է ոչ միայն մասնագիտական ուսուցումը, այլև ընթացիկ վերապատրաստումները և այս առումով սնանկության գործով կառավարիչների գործունեության ոլորտը ևս բացառություն չէ։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամ, ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը:

Եթե սնանկության գործով կառավարիչների հավակնորդների պարտադիր ուսուցման պահանջն ուղղված է նրանց մոտ անհրաժեշտ գիտելիքների և համապատասխան հմտությունների ձևավորմանը, ապա ընթացիկ վերապատրաստումները միտված են սնանկության գործով կառավարիչների շարունակական մասնագիտական զարգացմանը՝ ունեցած գիտելիքների և հմտությունների ընդլայնման և կատարելագործման միջոցով։

«Սնանկության գործով կառավարիչների վերապատրաստման ինստիտուտը, ըստ էության, համեմատաբար նոր է և մինչև վերջերս կարգավորված էր շատ ընդհանրական ձևով: Մասնավորապես, «Սնանկության մասին» օրենքը սահմանում էր սնանկության գործով կառավարիչները տարեկան անցնում են նվազագույն 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ ամենամյա պարտադիր վերապատրաստում, իսկ տարվա ընթացքում վերապատրաստումներին նվազագույնը 8 ժամ առանց հարգելի պատճառների չմասնակցելը հիմք էր կառավարչի գործունեությունը կասեցնելու համար»,-նշում է Մարկոսյանը:

Արդյունքում՝ օրենսդրական առումով հստակեցված չէին, թե՛ վերապատրաստումների կազմակերպման և անցկացման ընթացակարգային, թե ՛ բովանդակային կողմերը․ «Եվ պատահական չէ, որ դեռևս անցած տարի Արդարադատության նախարարության կայքում հրապարակված «Սնանկության ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզ և գործողությունների ծրագիր» փաստաթղթում, ի թիվս այլի, շեշտադրվել էր նաև վերապատրաստումների ինստիտուտի բարեփոխման անհրաժեշտությունը»,-նշում է մասնագետը:

Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ իրավիճակը փոխվեց 2019թ․ կատարված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, երբ ամենամյա պարտադիր վերապատրաստումների անցկացման պահանջին զուգահեռ նախատեսվեցին երկու նոր դրույթներ․ «Առաջինն այն է, որ եթե սնանկության գործով կառավարիչը մասնակցել է այլ համարժեք դասընթացների, կուրսերի կամ վերապատրաստումների, ապա նա համապատասխան մասով կամ ամբողջությամբ, կախված դրանց տևողությունից, ազատվում է վերապատրաստումներ անցնելու պարտականությունից։ Եվ երկրորդը, որն ունի առանցքային նշանակություն, ամենամյա պարտադիր վերապատրաստումների անցկացման կարգ ունենալու և այն Արդարադատության նախարարի կողմից սահմանվելու կարգավորումն է»։

Մարկոսյանը նշում է, որ հենց այդ հիմքով էլ Արդարադատության նախարարը 2020 թվականի մարտի 12-ին ընդունեց 104-Ն հրամանը, որը վերաբերում է սնանկության գործով կառավարիչների ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանելուն։ Դրանով, ըստ էության, մանրամասն կարգավորումների ենթարկվեցին վերապատրաստումների կազմակերպման ու անցկացման հետ կապված հարաբերությունները։

«Իհարկե այս հրամանի կարգավորումներին մանրամասն հիմա չեմ անդրադառնա, սակայն կցանկանայի ներկայացնել դրանցից առավել ուշագրավ մի քանի լուծումները․ առաջինը՝ վերապատրաստման դասընթացների ծրագրի կազմումն է, որի մասով կարգում երկու 2 կարևոր շեշտադրում կա։ Նախ այն բավականին ներառական է: Խոսքն այն մասին է, որ վերապատրաստման դասընթացների ծրագրի վերաբերյալ առաջարկներ ստանալու նպատակով սնանկության գործով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է դիմել կառավարիչներին։ Կազմակերպությունը կարող է նույն նպատակով հարցումներ ուղարկել Արդարադատության նախարարությանը, ինչպես նաև սնանկության ոլորտին առնչվող պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմիններին և կազմակերպություններին։ Այստեղ, բնականաբար, կազմակերպությունների շրջանակում առաջնահերթ նկատի է առնված գիտական հաստատությունները, ինչը թույլ կտա առավել համապարփակ և գիտական մոտեցումներին համահունչ վերապատրաստման դասընթացների ծրագիր ունենալ։ Վերապատրաստման դասընթացների ծրագրի վերաբերյալ մյուս շեշտադրումը նրա թիրախային բնույթն է։ Մասնավորապես, կարգով ամրագրվել է, որ ծրագրում բոլոր դեպքերում պետք է ներառվեն սնանկության և հարակից ոլորտներում կատարված օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև կառավարիչների կարգապահական պատասխանատվության կրկվող դեպքերին առնվող թեմաները։ Հասկանալի է, որ այս պահանջները նվազագույն անհրաժեշտ են, իսկ ծրագիրը չի կարող շրջանցել նաև դատական պրակտիկայի զարգացումներին վերաբերող թեմաները»,-նշում է Մարկոսյանը:

Նրա խոսքով՝ կարգը հստակեցրել է այլ կուրսերի և դասընթացների համարժեքության գնահատման և վերապատրաստումներից ազատելու չափանիշները։ Այսպես, նման իրավունքից կառավարիչը կարող է օգտվել, եթե այդ կուրսը, դասընթացը կամ վերապատրաստումը անցկացվել է միջազգային կամ տեղական կազմակերպության կողմից և այն թեմաներով, որոնք վերոհիշյալ չափանիշներով արդիական են, այսինքն՝ անհրաժեշտ են և ենթակա են ներառման վերապատրաստումների դասընթացների ծրագրի մեջ: Ընդ որում, կառավարիչը նման կուրսեր և դասընթացներ անցնելուց առաջ պետք է ստանա ինքնակարգավորվող կազմակերպության համաձայնությունը, այլապես այս իրավունքից օգտվել չի կարող։

Միևնույն ժամանակ ամրագրվել է, որ եթե սնանկության գործով կառավարիչը զբաղվում է դասախոսական պրակտիկայով, մասնավորապես՝ դասավանդում է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, Արդադատության ակադեմիայում և այլ համապատասխան հաստատություններում, ապա կառավարչի դասավանդած ժամերը համարվում են վերապատրաստման ժամերին հավասար ժամեր:

Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամի խոսքով՝ հստակեցվել են նաև Արդարադատության նախարարության՝ վերապատրաստումների կազմակերպման և անցկացմանը գործընթացին ներգրավածության դեպքերը:

«Ի թիվս այլնի, այն ներառում է վերապատրաստման դասընթացի ծրագրի վերաբերյալ առաջարկների, դասընթացավարների թեկնածությունների ներկայացումը, ինչպես նաև վերապատրաստումների արդյունքների վերաբերյալ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ներկայացված տեղեկանքի ուսումնասիրությունը։ Ընդ որում, այդ տեղեկանքի հիման վրա Նախարարությունը ձեռնարկում է օրենքով սահմանված միջոցներ վերապատրաստում չանցած անձանց մասով։»,-նշում է Մարկոսյանը:

«Կարգավորվել է նաև դասընթացների կազմակերպման ձևաչափերը առկա և հեռակա ուսուցման տրամաբանությամբ և բնականաբար հեռակա ձևաչափի կիրառումը պայմանավորված է արտակարգ կամ ռազմական դրությամբ, ինչպես նաև անմիջական հանդիպման անհնարինություն առաջացնող այլ դեպքերով»,-նշում է Մարկոսյանը և հավելում, որ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ստեղծվել են սնանկության գործով կառավարիչների վերապատրաստումների արդյունավետության բարձրացման բավարար երաշխիքներ․ «Որոշակի ժամանակ անց մենք կունենանք տեսանելի արդյունքներ նաև այս ոլորտում»:

Նշենք, որ վերապատրաստումները նախատեսված է սկսել 2020 թվականի սեպտեմբերից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել