Արդեն 3-րդ օրն է, ինչ Իտալիայի Կամպանիա մարզի Նեապոլ քաղաքում բնակվող Մերի Ամիրաղյանը և ընտանիքի անդամները դուրս չեն գալիս տանից։ Իրավաբան․net-ի հետ զրույցում Մերին պատմել է այս օրերին քաղաքի կյանքի ու երկրում ստեղծված իրավիճակի մասին։
«Տանից կարող ենք դուրս գալ 3 դեպքում՝ խանութ, դեղատուն, աշխատանքի գնալու համար, աշխատանքի դեպքում էլ խիստ անհրաժեշտության ժամանակ։ Պետության կողմից խրախուսվում, հորդորվում է տանը մնալը»,-նշում Մերին ու հավելում, որ քաղաքի փողոցները դատարկ են։
Մերիի խոսքով, սուպերմարկետներում գնում կատարելու համար էլ մեծ «պատրաստավածություն» է պետք։ «Երեկ գնացել եմ սուպերմարկետ, քանի որ գնելու մի քանի խիստ անհրաժեշտ բան կար։ Խանութ մտնելու համար սպասել եմ մոտ 1,5 ժամ։ Կապ չունի սուպերմարկետի մեծությունը, թողնում են 5 հոգի մտնի ներս, հերթում սպասողներն իրարից մեկ մետր հեռավորություն են պահում։ Ամուսինս ավելի ուշ եկել էր, որ ինձ օգներ, բայց թույլ չտվեցին ներս մտնի, ասացին դուրս կգաք, հետո կմոտենա կօգնի։ Շատ խիստ էր։ Բոլոր խանութները ստերիլիզացնում են, այն սեղանիկներին, որտեղից հաց, երշիկ ենք վերցնում, թույլ չեն տալիս մոտենանք, կպնենք, ասում են՝ արագացրեք, արագ արեք առևտուրն ու դուրս եկեք, անընդհատ մաքրում են»,-պատմում է Մերի Ամիրաղյանը։
Նրա խոսքով, թեպետ մի քանի ապրանքի համար էր գնացել խանութ, բայց տեսնելով իրավիճակը՝ որոշել է ավելի մեծ առևտուր անել, որովհետև թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն պատրաստ չէր նորից գնալ, 1 ժամից ավել հերթ կանգնել՝ ամեն պահ մտածելով, որ կարող է որևէ մեկը մոտենալ, վարակել և այլն։
«Սուպերմարկետում վերջացել էր մակարոնը, ալյուրը, շաքարեղենը, աղը ձեթը, երկար ժանկետ ունեցող կաթնամթերքը, հիմնական պահեստավորվող ապրանքները՝ ոլոռը, ոսպը, սիսեռը, քաղցրեղենը, ստերիլիզացնող նյութերը, ժավելը և այլն։ Երբ ուզում էի ժավել առնել, դարակաշարերին չկար, բայց դրան զուգահեռ ստանում էին ու էնպես չէ, որ ապրանքների դեֆիցիտ կա, նման լուրջ խնդիր չկա»,-ասաց նա։
Պետությունը քաղաքացիներին ձևաթուղթ է նաև տրամադրել, որ երբ տնից դուրս գան և ոստիկնության աշխատակիցները կանգնենցնեն իրենց՝ ցույց տան, թե ինչի համար են դրսում գտնվում։
Բացի այդ, Նեապոլի իշխանությունները որոշել են, որ տեղի հիվանդանոցներից մեկի բոլոր բաժինները պետք է տեղափոխեն և այնտեղ տեղավորեն միայն կորոնավիրուսով հիվանդ անձանց։
«Նեապոլում միշտ փողոցները լիքն են, մեքենաներ, ազդանշաններ, աղմուկ։ Երեկ վախենալու դատարկ էին փողոցները, կարծես ուրվական քաղաք լինի»,-ասում է Մերին։
Նա նաև նշում է, որ տնից դուրս գալու արգելքին զուգահեռ, Իտալիայի իշխանությունները որոշում են ընդունել այն քաղաքացիների համար, որոնք զրկվում են աշխատանքի գնալու հնարավորությունից․ «Այն մարդիկ, ովքեր, օրինակ, ամեն ամիս իրեն բնակարանի վարկն են մուծում՝ պետք է զիջումներ արվեն։ Օրինակ իմ ամուսինն անհատ ձեռնարկատեր է ու ինքն էլ է հիմա տուժում, քանի որ չի աշխատում, բայց պետք է հարկեր վճարի։ Հիմա խոսակցություններ կան նաև այս մասին, որ պետությունը պետք է նաև զիջումների գնա նման դեպքերում ևս»։
Իտալիայի քաղաքացիների համար շատ ցավալի է նաև այն, որ եկեղեցիներում արգելված են պատարագները, հարսանիքները, կնունքները և այլն։
«Գրառումներում հաշթեգ է շրջանառվում՝ #iorestoacasa, նշանակում է՝ ես մնում եմ տանը։ Կառավարության որոշումը շատ մարդիկ չէին լսում, դուրս էին գալիս տնից, հետո հայտնի մարդիկ, բլոգերները, տարբեր գործիչներ այս հաշթեգով նկարներ են հրապարակում՝ տանը, գիշերազգեստով, տնային տարբեր պայմաններում։ Դա էլ օգնեց, որ մարդիկ դուրս չեն գալիս տնից ու հիմա փողոցները դատարկ են»,-նշում է Մերին։
ԹԱՐՄԱՑՎԱԾ
Նյութի հրաարակումից ավելի ուշ, Մերին հայտնեց, որ փկված են գեղեցկության բոլոր սրահները: Պիցցա ևս չի առաքվում տներ:
Հիշեցնենք, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն մարտի 9-ին քաղաքացիներին հրահանգել է մնալ տանը և զերծ մնալ ճամփորդություններից։ Իսկ Ryanair բյուջետային ավիաընկերությունը մինչև ապրիլի 8-ը դադարեցրել է բոլոր չվերթները Երևանից դեպի Իտալիա և հակառակ ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ալիսա Չիլինգարյան