Լիանա Դարբինյանը 2016 թվականի մարտի 10-ի գիշերը՝ լույս 11-ի, ժամը 4։30-ի սահմաններում Գյումրու ծննդատանը ծննդաբերել է 2 կգ 800 գրամ քաշով երեխայի։ Ավելի ուշ նրան հայտնել են, որ երեխան շնչառական խնդիր ունի։
«Ծնվելուց անմիջապես հետո երեխային տեղափոխել էին մանկասենյակ և դրել CPAP սարքավորման տակ, (շնչուղիներում օդի շարունակական դրական ճնշմամբ բուժման սարք), որը նախատեսված է 1 կգ-ից մինչև 2 կգ 200 գրամ քաշային երեխաների համար, բայց իմ երեխան ծնվել էր 2 կգ 800 գրամ քաշով։ Փորձագետները նշում են, որ երեխայի մոտ սատուրացիան եղել է 94-96 բալային սահմաններում, որը նորմայի սահմաններում է, ու անհասկանալի էր, եթե նորմայի սահմաններում էր, ինչու՞ երեխային տեղափոխեցին շնչառական ապարատի տակ»,-նշում է մայրը՝ հավելելով, որ այն սարքավորումը, որն իրականում հարկավոր էր երեխային՝ կար Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում, որտեղ երեխան տեղափոխվել է 3 ժամ անց, թեպետ, մոր խոսքով՝ մեկ կանգառի ճանապարհ էր։
Նա նաև նշում է, որ մարտի 11-ի գիշերը՝ 1։30-ի սահմաններում շուրջ 20 րոպե ծնդատունը հոսանքազրկված է եղել։ Արդեն 4։30-ի սահմաններում մանկաբույժն արթնացրել է Լիանա Դարբինյանին և ուզել նրա ամուսնու հեռախոսահամարը․ «Իրենց ասելով, որ ամուսնուցս դեղեր ուզեն՝ չնշելով, որ երեխան վատ է։ Ամուսինս գալիս է, իր միջնորդությամբ նոր երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխում են մանկական Ավստրիական հիվանդանոց։ Փաստորեն 2։30-ից երեխան վատ է եղել, սպասել են մինչև 4։30, 5-ից 20 պակաս նոր երեխային տեղափոխել են, արդեն ծահյրահեղ վիճակում»,-պատմում է նա։
Մոր խոսքով, իրենք էլցանցի տնօրինության կողմից պաշտոնական գրություն են ստացել, որ ներպլանային և արտապլանային հոսանքազրկումներ այդ ժամանակ տեղի չի ունեցել, իսկ անգամ անջատվելու դեպքում՝ հոսանքի 2-րդ աղբյուրը կա, որ մեկի անջատման դեպքում մյուսն է միանում։
Լիանա Դարբինյանը նաև նշում է, որ երբ երեխան տեղափոխվել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, բժիշկն իր ամուսնուն կանչել է, ցույց տվել երեխային, որ իմանան, թե ինչ տեսքով է երեխան տեղափոխվել իրենց հիվանդանոց․ «Երբ երեխային տեղափոել են Մոր և մանկան ավտսրիական հիվանդանոց, բժիշկ Սանոսյանը ամուսնուս կանչել և ասել է, որ եկեք, տեսեք, թե ձեր երեխային ինչպես եք բերել, որովհետև ամբողջությամբ ուսահոդը կապտած է եղել, կողը սեղմված է եղել թոքերին, կապտած է եղել։ Դատաբժիշկներն անգամ դրան չեն անդրադարձել։ Այնտեղ նշվում է, որ երեխայի վրա չկա արտաքին վնասվածք․ եթե դա արտաքին վանսվածք չէր, բա ի՞նչ էր։ Եթե կան կապտուկներ, այտուցներ, երեխայի թևն ամբողջությամբ այտուցված է եղել, երեխան անընդմեջ տնքոցներ է ունեցել, բա ինչու՞ իրենք շուտ չեն տեղեկացրել ծնողին, կամ ծնողին էլ չտեղեկացնեին, ինչու՞ իրենք ինչ-որ միջոցներ չեն ձեռնարկել»,-պատմում է Լիանա Դարբինյանը։
Երբ առավոտյան հայտնել են, որ երեխան մահացել է, Լիանա Դարբինյանը խնդրել է մտնել դիահերձարան՝ վերջին անգամ իր երեխային տեսնելու համար։ «Երեխային ես չեմ ճանաչել, որովհետև դա իմ երեխան չի եղել։ Անմիջապես պահանջել եմ դատագենետիկական փորձաքննություն, սակայն մեզնից արյուն են վերցրել ամսի 15-ին, իսկ երեխային դիահերձել են ամսի 12-ին։ Մենք բոլոր փաստերն ունենք դրա վերաբերյալ, թե՛ Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրինության կողմից, որ այդ օրն է երեխայի դին ուղարկվել դիահերձարան, և թե՛ Իսահակյան գյուղի գյուղապետարանից տեղեկանք, որտեղ հուղարկավորված է երեխան, և իհարկե մենք էլ գիտենք, որ այդ օրն ենք երեխային հուղարկավորել։ Սակայն քննիչները մեզ պնդում են, որ դիահերձել են երեխային ամսի 13-ին, իրենք երևի օրերն ու փաստաթղթերը շփոթում են ու շատ թափթփված են աշխատում։ Անգամ չեն կարդում, թե ինչ է գրված թղթի վրա․ գրված է՝ ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործական կենտրոն, այստեղ՝ Երևանում, ոչ թե տեղի է ունեցել երեխայի դիահերձումը, այլ՝ երեխայի օրգանների դատաբժշկական փորձաքննությունը, որը սկսվել է ամսի 13-ի ժամը 11։30-ի սահմաններում և ավարտվել ամսի 26-ին։ Սա չէր կարող դիահերձում լինել»,-նշում է նա։
Լիանա Դարբինյանի խոսքով, ինքն ու ամուսինը փորձաքննության համար միայն հեղուկ արյուն են հանձնել, իսկ փորձաքննության պատասխանում իրեղեն ապացույցների նկարագրության մեջ ի հայտ է գալիս ինչ-որ մառյլա՝ արնանման հետքերով։ «Առաջին փորձաքննության ժամանակ մենք ստացանք հետևյալ պատասխանը, որ իմ արյունից ԴՆԹ չի անջատվել և չեն կարող ասել, արդյո՞ք այդ երեխայի մայրը ես եմ, թե՝ ոչ։ Իսկ երբ մենք փորձագետին հարցնում ենք, թե հոր՝ Հակոբ Պետրոսյանի արյունը ստուգվել է, թե՝ ոչ, պատասխանում են, որ հոր արյունն ավելորդ են համարել ստուգել, քանի դեռ պարզ չէ՝ մայրը ես եմ, թե՝ ոչ»,-նշում է նա։
Նրա խոսքով, իրենցից 2-րդ անգամ գենետիկական կենտրոնում են արյուն վերցրել, իսկ երեխայից ամսի 12-ին վերցրած արյունը, բնականաբար, նույնն է եղել։ Արդեն 2-րդ փորձաքննության ժամանակ մոր և երեխայի գենետիկայի 100 տոկոս համընկնում է արձանագրվել։ «Փորձագետը նշում է՝ այդ սրվակով արյունները, քանի որ իրենց կողմից չի եղել վերցված՝ ամբողջությամբ փչացած է եղել։ Նշվում է՝ մառյլա, այնինչ մեզնից նման արյուն չի վերցվել, մեզնից միայն հեղուկ արյուն է վերցվել»,-ներկայացնում է Լիանա Դարբինյանը։
Նա նաև հավելում է, որ ծրարի վրա նշված է եղել 15․03․16 ամսաթիվը․ «Ինչի՞ պետք է նշված լիներ 15․03, եթե երեխայից արյունը վերցվել է ամսի 12-ին (երեխան հուղարկավորվել է այդ օրը), կամ ինչպես իրենք են ասում՝ ամսի 13-ին։ Սա ի՞նչ ամսի 15 է։ Ես պարոն դատախազներին ուզում եմ շատ խիստ ասել՝ ամսի 13-ը դուք շփոփել եք, հարգելի՛ դատախազ, փաստաթղթերն այդպես նայելով, անփույթ վարվելով դուք գործ եք կարճում կամ ինչ-որ բան եք ուզում անել։ Ինչպե՞ս եք երեխայից հեղուկ արյուն վերցրել, եթե փաստացի՝ մահվան վկայականով տալիս է, որ ամսի 12-ին երեխան մահացել է։ Երեխան 1 օր մնացել է և դուք փորձել եք հեղուկ արյուն վերցնել ամսի 13-ի՞ն։ Ինչպե՞ս է դա պատահել։ Ամսի 13-ին երեխան արդեն սառեցված, ինչպե՞ս կարող եք դուք հեղուկ արյուն վերցնել երեխայից»,-նշեց մայրը։
Լիանա Դարբինյանը նաև հավելում է, որ իր հղիություն վարող գինեկոլոգի հաշվարկներով երեխան ծնվել է 34-35 շաբաթականում, այնինչ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մահացած երեխան 37-38 շաբաթական է եղել։ Բացի այդ, երեխայի գլխաչափը և հասակը նույնպես չի համապատասխանել մահացած երեխայի տվյալների հետ։ Նա, որպես ապացույց ցույց է տալիս նաև իր նորածնի և մահացած երեխայի լուսանկարները, որոնք իրենց պնդմամբ՝ տարբեր երեխաներ են։
Մանրամասները՝ տեսանյութում
Ալիսա Չիլինգարյան