ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հարիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար: Այս մասին այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, հունվարի 31-ին, ժամը 23:20-ի սահմաներում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը կրակել էր ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:
Պարույր Հայրկյանը այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է: Ապաքինվում է: Իսկ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Իրավաբան.net-ը, Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը կարող է հետաձգվել երկշաբաթյա ժամկետով:
Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում կարող է նշանակվել նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվել նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը:
Նշենք, որ նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել միայն համապատասխան թեկնածուի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net