Շուրջ 1 շաբաթ չհավաքված աղբն աշխատակիցները ձեռքով էին հավաքում. տեխնիկան բակ չի կարողանում մտնել

Իրավաբան.net-ը սեպտեմբերի 6-ին հրապարկել էր տեսանյութ, որում նշվում էր՝ մի քանի օր է Հանրապետության հրապարակի հարակից տարածքում՝ Նալբանդյան 7 հասցեում աղբամանները չեն դատարկվում, աղբահանություն չի իրականացվում և անգամ հրապարակում, աղբի հոտն անտանելի է:

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին կրկին տեսանյութ է հրապարկվել՝ շուրջ մեկ շաբաթ չդատարկված աղբամանների վերաբերյալ: Հրապարակումից ժամեր անց Երևանի քաղաքապետարանը աղբահանության կատարման միջոցներ է ձեռնարկել, ինչը բնականաբար ողջունելի է, սակայն ցավալի է տեսնել, թե ինչպես է կատարվում աղբահանությունը:

Ստացվում է այնպես, որ աղբատար մեծ մեքենաները կամ դժվարությամբ, կամ առհասարակ չեն կարողանում մտնել նման բակեր, ինչպիսին է, օրինակ, Նալբանդյան 7-ի բակը: Այսպիսի բակեր քիչ չեն Երևանում:

axb

Լուսանկարը՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ՖԲ էջի

Քաղաքապետարանի հայտարարությունների համաձայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ակտիվ աշխատանքներ է կատարում քաղաքի աղբահանության խնդիրը վերացնելու համար, արդեն իսկ ձեռք են բերվել 1000-ից ավելի աղբամաններ և աղբատար մեքենաներ: Այդ մեքենաներն այնքան էլ հարմար չեն փոքր բակերի համար և ստացվում է այնպես, որ աշխատակիցները ստիպված ձեռքով լցնում են աղբը աղբարկղերի մեջ, հանում բակից և տեղափոխում փողոցում կայանած աղբատար մեքենայի մոտ:

Կարծում ենք, քաղաքապետարանն առաջիկայում նման գնումների վերաբերյալ մրցույթներ հայտարարելիս պետք է հաշվի առնի նաև այս հանգամանքը, ավելի շատ ներգրավի փոքր մեքենաներ, որպեսզի ապահովի նաև աղբահանություն իրականացնող աշխատակիցների արժանապատիվ աշխատանքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարկում է կատարել թեմայի վերաբերյալ, որում ասվում է. «Եվս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երեւան: Առաջիկայում սպասում ենք ևս 20 մեքենա եւ շուրջ 4400 աղբաման: Կասկած չունեմ, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Եվ ուզում եմ ընդգծել, որ Երեվանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց եւ ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել