Մասնագիտական հիվանդությունը հաշմանդամ ճանաչվելու հիմք կարող է հանդիսանալ

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինն անձին հաշմանդամ է ճանաչում «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ ելնելով բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից։
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 62-ի համաձայն՝ հաշմանդամության պատճառ կարող են լինել՝
ա) մանկուց հիվանդությունը.
բ) ընդհանուր հիվանդությունը.
գ) աշխատանքային խեղումը կամ վնասվածքը.
դ) մասնագիտական հիվանդությունը.
ե) բնական, տեխնածին և այլ աղետները, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
զ) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի և այլ ճառագայթային աղետների վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
է) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
ը) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
թ) զինվորական ծառայության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
ժ) զինվորական պարտականությունները կատարելիս ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
ժա) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերը։
Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ:
Հաշմանդամության խումբը կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ տվյալ աստիճանի կենսագործունեության սահմանափակման համար սահմանված ժամկետով, եթե վերոնշյալ օրենքով այլ բան նախատեսված չէ։ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափորոշիչները բխում են երեխայի զարգացման և կառուցվածքային-գործառնական առանձնահատկություններից:
Օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ վերականգնման ոչ ենթակա կենսագործունեության սահմանափակում ունեցող անձանց հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ։
Հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության սահմանման կարգի խախտման դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։
Անժամկետ հաշմանդամ ճանաչված հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու, նրա հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել