Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի համար խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել էր: Վաչագան Ղազարյանի պաշտպանները որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել և այժմ սպասում են նիստի օրվա նշանակմանը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայնեց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը:
Պաշտպանը նշում է, որ նա պահվում է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ում, հարազատները նրան տեսակցելու հնարավորություն ունեն. «Նրան տեսակցում են ընտանիքի անդամները, ավելի հաճախ՝ որդին»:
Արմեն Հարությունյանը նշում է, որ Վաչագան Ղազարյանը առողջական որևէ խնդիր չունի. «Պահման պայմանների վերաբերյալ Վաչագան Ղազարյանը որևէ դժգոհություն չի արտահայտել»:
Պաշտպանը նշում է, որ վերջին շրջանում Վաչագան Ղազարյանի հետ կապված ոչ մի քննչական գործողություն չի կատարվել:
Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հուլիսի 24-ին, 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նոյեմբերի 15-ին վճռաբեկ դատարանը բավարարվել էր նրա խափանման միջոցի փոփոխության դեմ դատախազության բողոքը և Վաչագան Ղազարյանը նորից կալանավորվել էր: