Արագացված կարգի կիրառման հիմքերը

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751 հոդվածի՝
1. Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:
Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում դատարանը կիրառում է դատական քննության արագացված կարգ, եթե`
1) ամբաստանյալը գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթը և հետևանքները, և
2) միջնորդությունը ներկայացված է կամավոր, և
3) պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, եթե ամբաստանյալն ունի այդպիսին:
3. Դատարանը, գտնելով, որ ամբաստանյալի կողմից միջնորդություն ներկայացնելիս չեն պահպանվել սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված պայմանները, որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:
Դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է նաև, եթե պարզում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ: Այս դեպքում դատարանն իր նախաձեռնությամբ սույն օրենսգրքի 3091 հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով և ժամկետով հետաձգում է դատական նիստը` առաջարկելով գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը: Ամբաստանյալի կամ մեղադրյալի անմեղսունակության առնչությամբ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատարանը մերժում է արագացված կարգ կիրառելու միջնորդությունը՝ անցնելով ընդհանուր կարգով գործի քննությանը:
Այն դեպքում, երբ տուժողը փաստարկված առարկում է դատարանում արագացված կարգ կիրառելու միջնորդության դեմ, ապա դատարանը կարող է որոշում կայացնել ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:
4. Դատարանը դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին ամբաստանյալի միջնորդությունը մերժելու դեպքում կայացնում է որոշում:
5. Միևնույն գործով մի քանի ամբաստանյալների կամ մեղադրյալների դեպքում, եթե նրանցից թեկուզ մեկն առարկում է դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ, ապա գործի քննությունը կատարվում է ընդհանուր կարգով։
6. Եթե տվյալ գործով հարուցված է նաև քաղաքացիական հայց, և ամբաստանյալը (մեղադրյալը) կամ քաղաքացիական պատասխանողը ընդունում է այն, ապա դատարանը դատավճռով բավարարում է նաև քաղաքացիական հայցը, եթե այն չի հակասում օրենքին: Այդ դեպքում դատարանը պետք է լրացուցիչ պարզի, թե արդյոք հայցի ընդունումը կամավոր է, և արդյոք այն վերաբերում է այլ անձանց իրավունքներին: Դատարանը, գտնելով, որ հայցի ընդունումը հակասում է օրենքին կամ կամավոր չէ կամ վերաբերում է այլ անձանց իրավունքներին, հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը:
Իսկ այն դեպքում, երբ ամբաստանյալը կամ քաղաքացիական պատասխանողը քաղաքացիական հայցը չի ընդունում, ապա դատարանը քաղաքացիական հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել