Պավել Մանուկյանը վատառողջ է

«Սասնա ծռերի» անդամներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի  մասով գործի դատական նիստն այսօր՝ օգոստոսի 15-ին, ընդմիջվեց 15 րոպեով՝ դեռևս չսկսված:

Մինչ դատական նիստի սկսվելը` նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց , որ  ամբասանյալ Պավել Մանուկյանին հնարավոր չի եղել տեղափոխել դատարան, քանի որ նա վատառողջ է։ Դատարանը  նպատակահարմար չի գտել նաև մյուս ամբաստանյալներին դատարան տեղափոխել` ավելորդ ռեսուրսներ չծախսելու համար։
Դատարանը ընդմիջում հայտարարեց քրեակատարողական հիմնարկից Պավել Մանուկյանի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր  ստանալու համար։
Ընդմիջումից հետո փաստաբան Վաղինակ Շուշանյանը հայտնեց, որ Պավել Մանուկյանը դիմում է ներկայացրել ուղղված դատարանին, որ իր բացակայությամբ քննության առնել կալանքի տակ գտնվող մյուս ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխելու հարցը։

Պավել Մանուկյանի դիմումը ներկայացվեց դատարան, իսկ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 17-ին։

Շուշան Ստեփանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել