Արարատի պատկերով սահմանապահի կնիքը որ դաջվում է անձնագրի մեջ, մեր հստակ ուղերձն է՝ հինավուրց ազգը ողջունում է ձեզ. Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․

«Արարատը հազարամյակներ շարունակ եղել և մնում է մարդկության ամենահայտնի լեռը։ Բիբլիական սարը հույսի, նոր սկզբի և նոր կյանքի ամենաճանաչելի խորհրդանիշն է։ Քչերը գիտեն, որ աշխարհն Արարատը պատկերացնում է այնպես, ինչպես այն երևում է ՀՀ տարածքից․ Մեծ Մասիսը՝ աջ կողմում, Փոքր Մասիսը՝ ձախ։

Մարդիկ բարձրանում են Արարատ Թուրքիայի տարածքից, լուսանկարվում գագաթին, պարզում դրոշներ, բայց բոլորի ընկալման մեջ այն, ինչ երևում է թուրքական կողմից, Արարատի թիկունքն է, իսկ Հայաստանից երևում է գլխավոր պատկերը, հայկական լեռնաշխարհի կենտրոնն ու սկիզբը, Հայկական պարի մեկնարկը։

Արարատի տեսքի համամարդկային ընկալումը հայկական հայացք ունի. հայերը կարողացել են աշխարհին թելադրել իրենց մետա-իրականությունը։ Այդ իմաստով Արարատը մեր առաջին և հաղթանակած պայքարն է վերաշադրված պատմության դեմ, աշխարհագրությանը նետված առաջին մարտահրավերը. դե յուրե լեռը գտնվում է մեր այժմյան սահմաններից դուրս, բայց դե ֆակտո՝ մերն է։

Արարատը խորհրդանիշ է, որը վկայում է՝ մենք բիբլիական ազգ ենք, մեր ինդենտիֆիկացիոն կոդը, Աստղածաշնչից եկող անձնագիրը և ընտրյալ ժողովուրդների ցանկում լինելու առհավատչյան։
Բաշինջաղյան, Կալենց, Սարյան, Մինաս, Բաժբեուկ-Մելիքյան, Քոչար. չկա հայ նկարիչ, որը չի պատկերել Մասիսը։ Այվազովսկին Նոյին պատկերեց հենց Արարատից իջնելիս։

Լինի ռեստորանի անվանում, մարդու անուն, բանաստեղծություն թե նկար, նարդիի վրայի փորագրություն, ֆուտբոլային ակումբ թե ավստրալիական համայնքային տուն՝ Արարատը ամենուր մեզ հետ է։ Իսկ խորհրդանիշը մխրճված է մեր էության մեջ՝ երկու սար, որ նայում են մեզ։

Թամանյանը Երևանի հատագիծը ստեղծելիս, քաղաքը դրեց և կողմնորոշեց դեպի Արարատ. բոլոր պողոտաներից լեռը երևում էր՝ որպես հույսի, լույսի և նոր սկզբի խորհրդանիշ։

Արարատը մեր անկախության խորհրդանիշն է․ այն մեր բոլոր հանրապետությունների զինանշանների վրա է։ Կոջոյանը և Թամանյանը այն պատկերել են Առաջին Հանրապետության զինանշանին։ Կոջոյանը և Սարյանը այն դրել են Խորհրդային Հայաստանի զինանշանի կենտրոնում։ Արարատը պատկերված է նաև ՀՀ զինանշանին։

Վերածննդի շրջանի մեծ նկարիչ Վիտտորե Կարպաչչոն 1515 թվականին նկարում է իր ամենահայտնի կտավներից մեկը՝ «Մարտիրոսությունը Արարատ լեռան վրա»։ Արարատի՝ հայ նկարիչների ձեռքով արված զանգվածային պատկերներից առաջ ոչ ոք հստակ պատկերացում չուներ, թե ինչ տեսք ունի լեռը։ Կարպաչչոյի նկարում Արարատը սովորական սար է, որի ստորոտին հռոմեացի զինվորները սուրբ Ակակիոսի գլխավորությամբ քրիստոնեություն են ընդունում հրեշտակի երևումից հետո։ Հռոմեական կայսրը դավանափոխության համար նրանց պատժում է և խաչ հանում։

Կարպաչչոն հայտնի էր իր կտավներում դոմինանտ կարմիր գույնով։ Նրանից 400 տարի անց, 1950 թվականին Ջուզեպպե Չիպրիանին Վենետիկում ստեղծեց տավարի հում մսով իր հայտնի ուտեստը և այն անվանեց իր հայրենակցի անունով՝ «կարպաչչո», որ բոլորը հիշեն վենետիկցի նկարչին, որը հայտնի էր կարմիրի երանգներով, և որի ամենանշանակալից աշխատանքում Արարատն է։

Կարպաչչոն չգիտեր, թե ինչ տեսք ունի Արարատը։ Նա սուրբ տեքստերում կարդում էր «լեռ» բառը, ուստի սովորական սար նկարեց։

Այսօր Արարատն անհնար է շփոթել որևէ լեռան հետ։ Մոլորակի վրա չկա մի վայր, որտեղ չիմանան, թե ինչ տեսք ունի Արարատը, որովհետև մենք աշխարհին պարտադրել ենք պատմության և բիբլիական լեռան մեր տեսանկյունը։ Եվ աշխարհին ապացուցել ենք. մեր պատմությունը ձգվում է հազարամյակներ ի վեր։

Սահմանապահի կնիքից Արարատի ուրվագծի հեռացումը շղթայի մի օղակն է։ Խորհրդանշական դրվագ։ Հայրենիքը հանձնելու շարունակությունն է։ Թուրքիայի համար թշնամի երկրի քաղաքացիներն այսպիսով վերածում են պետությունից ժողովրդի, ապա՝ արմատազուրկ, պարտված և դառնացած զանգվածի, և վերջապես՝ անդեմ, հիշողությունից զուրկ ցեղախմբի, որը հրաժարվում է իր անցյալից ու ապագայից։ Այլ կերպ ասած՝ վերջնականապես լուծվում է Հայկական հարցը։

Արարատի պատկերով սահմանապահի կնիքը որ դաջվում է անձնագրի մեջ, մեր հստակ ուղերձն է՝ հինավուրց ազգը ողջունում է ձեզ։ Իսկ հեռանալիս՝ նույն խորհրդանիշն ասում է՝ հույսը թող լինի ձեր հետ, Արարատը սպասում է ձեզ։

Առանց Արարատի մենք աստվածաշնչյան ժողովուրդ չենք, այլ սովորական էթնոս, ինչպես շատ ուրիշներ։ Առանց Արարատի մենք իմաստազուրկ ենք՝ առանց որևէ հաղթանակի խորհրդանիշի։

Արարատը հայկական ինքնությունից խլելուց հետո որևէ տարբերություն չի լինի մեր և լեռան «մյուս» կողմում, նրա ստորոտին և մեր սահմանից այն կողմ գտնվողների միջև։»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել