ՊԵԿ մաքսային տեսուչը մեղադրվում է իր պարտականությունները չկատարելու և պաշտոնեական կեղծիք իրականացնելու համար

Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, Հակակոռուպցիոն դատարանում քրեական գործ է ստացվել պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Գործի մանրամասները և ժամանակագրությունը 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արաիկ Հրաչիկի Մարտիրոսյանը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի 4-րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չպարզված անձի օժանդակությամբ իր իշխանական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

2025 թվականի օգոստոսի 27֊ին գործը մուտքագրվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել է դատավոր Արամ Գրիշայի Գրիգորյանին։

Օգոստոսի 29֊ին դատարանը որոշում է կայացրել քրեական գործով վարույթը ստանձնելու և նախնական դատալսում նշանակելու մասին։

Մեղադրանքի հոդվածները և խափանման միջոցը

Ըստ դատական գործի նյութերի՝ Արաիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով։

Արաիկ Հրաչիկի Մարտիրոսյանի նկատմամբ համակցված  խափանման միջոց է կիրառվել նաև պաշտոնավարման կասեցումը։

 

Գործի ընթացքը

Նախնական դատալսումը նշանակված է եղել 2025 թվականի սեպտեմբերի 9-ին։ Նիստի անցկացման մասին մանրամասներ նշված չեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել