Սնանկության գործը կարող է ունենալ երկու զարգացում՝
- Իրավաբանական անձի լուծարումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ գործունեության դադարեցման պետական գրանցումը,
- Օրենքով սահմանված դեպքերում սնանկ ճանաչված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում են ֆինանսապես առողջացած և կարող են շարունակել իրենց գործունեությունը: Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել սնանկության ավարտված գործի շրջանակներում՝ բացառությամբ օրենքով սահմանված որոշ դեպքերի:
Համաձայն սնանկության մասին ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի՝
Եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ապա պարտապանը չի ազատվում բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում:
Պարտապանը չի կարող ազատ ճանաչվել`
ա) ալիմենտների վճարումից.
բ) սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից.
գ) կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից.
դ) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից:
Սնանկության վերաբերյալ գործն ավարտելու վերաբերյալ դատարանի վճիռը կարող է բողոքարկվել:
Օրենքի վերլուծության հիման վրա, կարելի է ասել, որ սնանկ ճանաչված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի ազատվում՝
- պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել սնանկության ավարտված գործի շրջանակներում, եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում,
- ալիմենտների վճարումից,
- սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից,
- կյանքին և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից,
- հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից: