Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Երևան սիթի»-ի հետ կապված բացահայտումներին չհետևեցին ձերբակալություններ, ասել է. «Մենք հակված չենք սկսել ձերբակալություններ և մարդկանց նստացնել. մենք ավելի շատ հակված ենք պետությունից այս կամ այն ճանապարհով գողացված գումարները վերադարձնել պետական բյուջե»:
«Հոդվածը, որով հարուցվում են քրեական գործերը, նախատեսում է, որ պետական միջոցների վնասը վերականգնելու դեպքում քրեական գործը կարճվում է: Դա մենք կամայական չենք անում: Ես չեմ որոշում, որ չենք նստացնելու, ուղղակի քրեական օրենսգրքի 205 հոդվածը նախատեսում է, որ եթե վերականգնում են բյուջեի միջոցները, քրեական պատասխանատվությունից ազատվում են»,-նշեց նա:
Վանեցյանը նշեց, որ գործով պաշտոնյաներ կհրավիրվեն հարցաքննության. «Խոսքը նախկին և ներկա պաշտոնյաների մասին է»:
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ավելի վաղ հայտնել է, որ որպես վկա կհարցաքննվի ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: