Տեղեկություն է հրապարակվել, որ ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ազատ կարձակեն Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից: Իրավաբան.net-ի հետ զրույցում Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը հայտնում է, որ տեղեկությունը հաստատված չէ:
«Տեղեկությունը հաստատ չէ: Սակայն ցանկանում են նշել, որ քիչ առաջ ստացել եմ վճռաբեկի որոշումը՝ Սամվել Բաբայանի գործը վարույթ ընդունելու մասին»,-նշեց նա:
Մեկուսարանի դիմաց նրան են սպասում Դատական դեպարտամենտի մոտ օրեր շարունակ ցույցեր նախաձեռնած անձիք:
ԱԱԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամսոն Գալստյանը նշեց, որ տեղեկություն չունի Սամվել Բաբայանի արձակման մասին:
Հիշեցնենք, վերքաննիչ դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի կայացրած դատավճիռը:
Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով։
Նույն գործով անցնող մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։
Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։
Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կարեն Քոչարյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, սակայն պայմանականորեն չկիրառելով՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով և սահմանվել փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Ժորա Զաքարյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սահշանել երկու տարի ժամկետով։
Դավիթ Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ ևս սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով, պատիժը պայմանականորեն չկիրառելով։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
https://www.facebook.com/Iravabannet/videos/1246482302121519/?notif_id=1527144693661275¬if_t=live_video_explicit