«Վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել տարբեր օգտատերերից ստացվող բողոքներն առ այն, որ սոցիալական ցանցերում գտնվող իրենց անհատական էջերին հասանելիություն են ստացել այլ անձինք, ծանոթացել իրենց անձնական նամակագրությանը, փոխել գաղտնաբառը։ Ուստիև հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրինակ գործողություններն իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ»,-այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից։
«Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը» քրեորեն հետապնդելի արարք է, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածով։
Նշենք, որ այս արարքները կատարելու դեպքում կարող եք պատժվել տուգանքով՝ 200-400 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նշված տեղեկատվությունը հանձնելուն հարկադրելը՝ անձի կամ նրա մերձավորի մասին նշավակող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև այնպիսի տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, որոնք տուժողը ցանկանում է գաղտնի պահել կամ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի կամ այն անձանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որոնց տնօրինության կամ պաշտպանության տակ են գտնվում այդ տեղեկությունները՝ պատժվում է տուգանքով՝ 400-800 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:
Իսկ եթե այս արարքները՝
- զուգորդվել են անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելով,
- կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
- տուժողին պատճառել են զգալի վնաս,
- կատարվել են առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:
Այն արարքները որոնք՝
- կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
- զուգորդվել են առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելով կամ առաջացրել են այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով:
Ալիսա Չիլինգարյան