Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 21-ին, տեղի ունեցավ Սերժ Վարդանյանի և Ռոբերտ Հայրապետյանի գործով դատական նիստը։ Նրանք մեղադրվում են այն բանի համար, որ վիճաբանել են երթևեկության կանոնների վերաբերյալ այլ մեքենայում գտնվող անձի հետ, ինչն ուղեկցվել է բռնության կիրառմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով արարք կատարելու համար:
Գործը քննվում է դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ։
Դատական նիստին փորձագիտական եզրակացությունը ներկայացրեց դատաբժշիկ-փորձագետ Գագիկ Հարությունյանը։ Դատավոր Գագիկ Պողոսյանի և Սերժ Վարդանյանի պաշտպան Մանվել Գրիգորյանի այն հարցին, թե «ինչպիսի՞ վնասվածք կարող է ունենալ այն մարդը, ում մոտ 40 մետր քարշ են տվել ապակու շրջանակից կախված վիճակում», փորձագետ Գագիկ Հարությունյանը պատասխանեց՝ «կիրառված բռնության պարագայում առնվազն պետք է առաջանար նախաբազկի կոտրվածք»։
Նիստին ներկա չէր տուժող Շանթ Մարգարյանը։ Ըստ դատարանի հավաստի տեղեկությունների՝ նա գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց հետաձգել դատական նիստն այն պատճառաբանությամբ, որ Շանթ Մարգարյանը ներկա չէ նիստին։
Դատարանի այն հարցին, թե իմանալով, որ Շանթ Մարգարյանը կրկին չի ներկայանալու, արդյո՞ք ողջամիտ է դատական նիստի հետաձգումը, դատախազը պատասխանեց. «Այս պարագայում կարող ենք օգտվել տեսահեռակապի հնարավորությունից»։ Չնայած ամբաստանյալների առարկություններին՝ դատարանը բավարարեց միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 17–ին։
Նշենք, որ Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով: Գործն այժմ քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում:
Նշենք նաև, որ նրա եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը, մեկ այլ քրեական գործով է մեղադրյալ ներգրավված: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։
Հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել էր «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Սարգիս Վարդանյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայա Ավետիսյան