Վերաքննիչ քրեական դատարանը երեկ սկսել է քննել Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի վերաքննիչ բողոքը:
Ներկայիս գյուղապետ Գարիկ Սարգսյանը ոստիկանություն հաղորդում էր տվել համայնքի ավագանու ստորագրությունների կեղծման և նախկին գյուղապետի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դրվագներով հանցագործությունների մասին, սակայն ոստիկանությունը հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չէր հարուցել։
Ոստիկանության այս որոշումը բողոքարկվել է դատարանում, սակայն Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ոստիկանության որոշումը թողել է ուժի մեջ։ Ներկայումս գյուղապետ Գարիկ Սարգսյանը առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկել է վերաքննիչ ատյանում։
Գործը քննվում է դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ։
Նիստի սկզբում Իրավաբան.net-ի լրագրողը միջնորդեց դատական նիստը լուսանկարահանելու և տեսանկարահանելու վերաբերյալ։ Գարիկ Սարգսյանի շահերը ներկայացնող փաստաբանները կողմ արտահայտվեցին այս միջնորդությունը բավարարելուն, իսկ սույն գործով շահագրգիռ անձ, նախկին գյուղապետ Մայիս Աբրահամյանը առարկեց, նշելով, թե պետք է նախապես հարցնեին։
«Դատարանը ևս ցանկություն չունի։ Դուք կարող եք ձայնագրել, բայց տեսանկարահանել միայն դիմողներին»,- ասաց դատավոր Մանուշակ Պետրոսյանն ու հայտարարեց 2 րոպե ընդմիջում։
Ընդմիջումից հետո դատավորը լրագրողներին խնդրեց ներկայանալ։ Մեր լրագրողը լրագրողական վկայականի փոխարեն անձը հաստատելու համար դատարանին ներկայացրել է իր անձնագիրը։ Սակայն դատավոր Մանուշակ Պետրոսյանին անձնագիրը չի բավարարել.
«Դուք ապացույց ունե՞ք, որ ներկայացնում եք Ձեր կողմից մատնանշված լրատվամիջոցը։ Գիտեք, ես կասկածի տակ չեմ դնում, որ Դուք իրոք լրագրող եք, բայց քանի որ դատարանում Ձեր ձեռքի տակ չկա որևէ ապացույց, և Դուք ինքներդ Ձեզ հետ չեք բերել ոչ մի ապացուցող փաստ, ապա Դուք այս նիստով որպես լրագրող չեք կարող մասնակցել»,- իր խոսքը ավարտեց դատավոր Մանուշակ Պետրոսյանը։
Մեր լրագրողը պատրաստակամություն է հայտնել նաև կապվել խմբագրի հետ կամ դատարանին ցույց տալ իր անվամբ հրապարակված հոդվածները։
Իսկ թե ինչ է նշանակում «որպես լրագրող նիստին չեք կարող մասնակցել հայտարարությունը», թերևս անհասկանալի է։ Քանի որ դատական նիստերի հրապարակայնության սկզբունքները, ինչպեսև տեղեկություններ ստանալու և տարածելու սկզբունքները վերաբերում են անձին՝ անկախ իր մասնագիտությունից։
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք։ Եվ այս իրավունքը չի սահմանափակվում լրագրողների և շարաքային քաղաքացիների տարբերակմամբ։
Իսկ Սահմանադրության 42-րդ հոդվածով սահմանվում է․ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը»։
Ու թեև ներկայումս քրեական գործերով դատական նիստերի լուսաբանման վերաբերյալ կա օրենսդրական բաց, չկան կրագավորումներ, սակայն մի խումբ դատավորների թափանցիկ և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ ձևավորված պրակտիկայի շնորհիվ, լրագրողների և այլ քաղաքացիների տեղեկություններ ստանալու և տարածելու սահմանադրական իրավունքը չի խախտվում։
Եվ քանի որ դատավոր Մանուշակ Պետրոսյանի կողմից անհիմն է սահմանափակվել մեր լրագրողի սահմանադրական իրավունքը, ապա ներկայացնում ենք նրա կողմից փոխանցված տեղեկությունը՝ դատական նիստի վերաբերյալ.
Այսպիսով, դատական նիստին Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի շահերի պաշտպան Ռուստամ Բադասյանը ներկայացրեց վերաքննիչ բողոքը։ Անդրադառնալով համայնքի ավագանու անդամների կողմից կեղծ ստորագրությունների հանգամանքին, ասաց.
«Պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին մենք ներկայացրել էինք բավարար հիմքեր։ Անզեն աչքով էլ կարելի է նկատել , որ ավագանու նիստերի արձանագրություններում անունների դիմաց դրված ստորագրությունները նրանց չեն պատկանում»,- նրա խոսքով, նույն անձի անվան դիմաց տարբեր արձանագրություններում տարբեր ստորագրություններ են դրված։
«Ոստիկանությունը չի էլ պարզել ավագանու նիստերը կայացե՞լ են, թե՝ ոչ»,- նշեց փաստաբան Ռուստամ Բադասյանը։
Փաստաբանը անդրադարձավ նաև համայնքի հողերի օտարման խնդրին։ Գործով անցնող շահագրգիռ անձը՝ նախկին գյուղապետ Մայիս Աբրահամյանը, նույնպես արտահայտեց իր դիրքորոշումը․ «Ավագանու անդամները ստորագրել են այն արձանագրությունների տակ, որոնց մասնակցել են։ Վերջիններս մասնակցել են բոլոր նիստերին։ Եթե կան մարդիկ, ովքեր 2-3 ստորագրություն ունեն, նրանք բացատրել են դա։ Նախկին գյուղապետը ավագանու նիստերի ստորագրություններին չի մասնակցում։ Քարտուղարը պատրաստի արձանագրությունների տակ ստորագրել է տալիս անդամներին և ներկայացնում համայնքի ղեկավարի հաստատմանը»,- համայնքի նախկին ղեկավարը նաև նշեց, որ ինքը չէր կարող տեսնել, թե ով է ստորագրել և ով՝ ոչ։
Դատական նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումների մասով գործի քննությանը։ Փաստաբանը նշեց, որ առհասարակ քննություն չի տարվել հաստատելու և պատճառները պարզելու ուղղությամբ։
Հաջորդ դատական նիստը կանցկացվի մարտի 20-ին ժամը 14։00-ին։
Կատարինե Ղարսլյան
Իրավաբան.net