Մեր հասարակությունը մեծ հարգանքով է վերաբերում կնոջը․ կապիտան Էմմա Ասլանյան

«Համազգեստով կանայք խիստ մարդկանց տպավորություն են թողնում։ Բայց այդ համազգեստի «մեջ» հանդիպում են նաև շատ փխրուն և նուրբ կանայք»,- ասում է  Ոստիկանության պարեկապահակետային ծառայություն իրականացնող հատուկ ստորաբաժանման ոստիկան, կապիտան Էմմա Ասլանյանը, ում հետ զրուցել ենք «Ոստիկան հայուհիներ» շարքի շրջանակում։ Էմման մասնագիտությամբ լեզվաբան է, տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ Ավարտել է նաև  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» ֆակուլտետի մագիստրատուրան։ Ոստիկանության համակարգում աշխատում է 2011 թվականից։

-Ե՞րբ եք որոշել դառնալ ոստիկան և ինչո՞վ էր պայմանավորված այդ որոշումը։

-Դեռ ուսանողական տարիներից, երբ մտածում էի, պատկերացնում էի աշխատանքս կամ երեխաների հետ, կամ ռազմական ոլորտում։ Ոստիկանություն, անկեղծ ասած երբևէ չեմ պատկերացրել, պաշտպանության նախարարություն էի պատկերացնում։  Ինքս միշտ ցանկություն եմ ունեցել զինվորագրվել և ծառայել բանակում, նույնիսկ դիմել եմ կամավոր ծառայության համար, սակայն ինձ մերժել են։ Ոստիկանությունում աշխատելու առաջարկս ստացել եմ շատ պատահական։ Սկզբում այդքան էլ չէի հասկանում, թե  որտեղ եմ, սակայն ժամանակի ընթացում հասկացա առաքելությունս։ Թույլերին պաշտպանելու բնազդը մեջս եղել է դեռ մանկուց, ես գտնում եմ, որ երազանքս իրականացել է։ Երազանքներիցս մեկը ատրճանակից կրակելն էր, այն նույնպես իրագործվել է։

-Լինու՞մ են արդյոք դժվարություններ՝ հաշվի առնելով, որ Դուք  հիմանականում տղամարդկանց հետ եք աշխատում։

-Կարծում եմ, որ յուրաքանչյուր աշխատանք ունի իր նրբություններն ու դժվարությունները։ Սակայն պետք է նշեմ, որ սկզբնական շրջանում կարծում էի, թե դժվարություններ շատ-շատ կլինեն, բայց շնորհիվ մեր կոլեկտիվի, բոլոր հարցերը  պատկերացրածից ավելի հեշտ են հարթվում, քանի որ նրանք շատ փորձառու են։ Հաճախ հրամանատարությունը և տղամարդ գործընկերները հաշվի են առնում մեր կին լինելը և ընդառաջում դժվարությունների դեպքում։ Այդպես շատ հեշտ է հաղթահարել դժվարությունները։ Ամեն դեպքում, կան բարդություններ, երբ աշխատում ես այնտեղ, ուր գերակշռում են տղամարդիկ։

-Ոստիկանները խիստ տպավորություն են թողնում։ 

-Ճիշտ է, համազգեստ կրող կանայք խիստ մարդկանց տպավորություն են թողնում։ Բայց պետք է ասեմ, որ այդ համազգեստի «մեջ» հանդիպում են նաև շատ փխրուն և նուրբ կանայք։ Երբևէ կինն իր կանացիությունը չի կորցնում՝ անկախ հագուստից կամ աշխատանքից։ Աշխատանքի մեջ ամեն դեպքում պետք է լինել խիստ, սակայն դա չի կարող բնորոշել կնոջ բնավորությունն ու ներաշխարհը։ Ժպիտն ամեն տեղ օգտակար է, սակայն երբեմն կարիք կա սառը հայացքի և խիստ նկատողությունների։ Համազգեստից դուրս մենք նույն կանայք ենք՝ բարի, քմահաճ․․․

Իրականում ես շատ զգամունքային եմ և դա հաճախ է ինձ խանգարում աշխատանքի մեջ։ Լինում են իրավիճակներ, երբ պետք չէ առաջնորդվել զգացմունքներով , այլ շարժվել ըստ իրավիճակի և ռեալ դատել։  Հենց այս դեպքերում մեզ շատ օգնում են մեր տղաները, քանի որ իրենք ավելի սառն են, ավելի շրջահայաց են և փորձառու։ Սակայն կարող եմ ասել, որ երբեմն էլ դա հաճելի հետևանքներ է ունենում։ Շատ ժամանակ, երբ խիստ նկատողության կարիք կա դա անում ենք ժպիտով, երբեմն թեկուզ հումորով, և լսում նույնիսկ շնորհակալական խոսքեր նկատողության համար։ Կարծում եմ, շնորհակալությունը ոստիկանի աշխատանքի դիմաց ամենաբարձր գնահատականն է։

-Քաղաքացիների վերաբերմունքից զգացել՞ եք, որ կին լինելու համար չենթարկվեն Ձեզ։

-Ճիշտ հակառակը։ Փառք Աստծո, մեր հասարակությունը մեծ հարգանքով է վերաբերում կնոջը, և շատ շնորհակալ եմ դրա համար։ Շատ տարբեր են քաղաքացիների մոտեցումները, նրանք կնոջը տեսնելիս ավելի են զգաստանում, ենթադրենք եթե բարձր խոսում են, անմիջապես իջեցնում են իրենց ձայնը։ Կարող եմ վստահաբար ասել, որ կնոջ առկայությունը մեր գործում շատ դրական է։ Արդեն 6 տարի է՝ ես ծառայում եմ այստեղ և բացասական ոչնչի չեմ առընչվել։

-Ձեր աշխատանքային փորձի ընթացքում տպավորիչ ի՞նչ դեպքերն են եղել։  

-Իհարկե, եղել են բազմաթիվ այդպիսի դեպքեր, սակայն հենց այստեղ տեղին է մեջ բերել հին հայկական ասացվածք, որ ասում են սարը սարին չի հանդիպի, բայց մարդը մարդուն կհանդիպի, դա իրոք այդպես է։ 2014 թվականին ես վերապատրաստման դասընթացների էի Ֆրանսիայում և ձեռք էի բերել ընկերներ։ Անցել էր մոտ 2 տարի, երբ հերթական ծառայությանս էի Կասկադում, այնտեղ չինական դելեգացիա կար և պատկերացրեք, որ ես պատահաբար հանդիպում եմ իմ չինացի ընկերոջը, ում հետ հանդիպել էի Ֆրանսիայում։ Թե ես, թե ծառայակից ընկերս զարմանք էինք ապրում, որ 2 միլիարդ չինացիների միջից  հանդիպել էինք  հենց այն մեկին, ում հետ ես ծանոթ էի։

-Երբևէ զբաղվե՞լ եք սպորտով։ Ինչպե՞ս է դա անդրադարձել Ձեր աշխատանքի վրա։

-Նշեմ, որ աշխատանքի ընդունվելու չափանիշներից է սպորտով զբաղելը։ Ինքս սպորտով զբաղվում եմ 2-րդ դասարանից՝ աթլետիկա, մարմնամարզություն, ձեռքի գնդակ, թեկվոնդոյից ունեմ կանաչ գոտի։ Այժմ զբաղվում եմ կորֆբոլով՝ հոլանդական բասկետբոլով․ շատերին քիչ հայտնի սպորտաձև է սա։ Հայաստանի հավաքականի անդամ եմ։ Սպորտով զբաղվում եմ հաճույքով, և դա միանշանակ օգնում է իմ աշխատանքին։ Անկեղծ լինեմ, աշխատանքի ընթացքում դեռևս միշտ խոսքով կարողացել ենք հասնել մեր նպատակին և թեկվոնդոյի ունակություններս դեռ պետք չեն եկել, բայց ամեն դեպքում իմանալը միշտ էլ պետք է։ Նշեմ նաև, որ Ոստիկանության սեղանի թենիսի առաջնությունների եռակի չեմպիոն եմ։

Հարցազրույցը՝ Լիլիթ Խանոյանի
Լուսանկարները՝ Հայկ Կարապետյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել