Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվեց «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի և «Պարտեր» ընկերության գնահատող Հարություն Խալաթյանի գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ Արա Կիրակոսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նպատակ է ունեցել «Հայբիզնեսբանկ»-ում իր անվամբ ձևակերպված 344.000 դոլարի վարկը մարել, ինչպեսև իր քրոջ ամուսնուն պատկանող Մոսկվայում գրանցված «Էրմանո» ընկերության ունեցած 101.000 դոլար վարկային պարտավորությունների կատարումը հետաձգել։ Նպատակն իրագործելու համար գործածել է կարգադրիչ լիազորությունները (եղել է այդ բանկի վարչության նախագահը), 2013 թվականի փետրվարին հրավիրել է վարչության արտահերթ նիստ, որի ժամանակ ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում, որի համաձայն՝ «Էրմանո» ընկերությանը 445.000 դոլար վարկի տրամադրումը հաստատվել է։
Այս գործով մյուս ամբաստանյալ Հարություն Խալաթյանը, ով եղել է «Պարտեր» ընկերությունում անշարժ գույքի գնահատող, մեղադրվում է այն բանի համար, որ 2012 թվականի հուլիսի 27-ին հաշվետվությամբ` Ափնագյուղում գտնվող անասնագոմը գնահատել է իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող և շուկայական արժեքից զգալիորեն բարձր` 123 միլիոն ՀՀ դրամ՝ լիկվիդացիոն արժեքով, այնինչ դրա իրական լիկվիդացիոն արժեքը կազմել է ընդամենը 12.8 միլիոն ՀՀ դրամ։
Գործով պաշտպան Հայկ Ալումյանը չէր ներկայացել այսօրվա դատական նստին, սակայն դատարան էր ուղարկել գրություն, որով հաղորդում էր, որ 2018 թվականի հունվարի 30-ի վաղ առավոտից մասնակցելու է ԵՊՀ-ի իրավագության ֆակուլտետի թեզերի պաշտպանությանը: Իր այդ գրությամբ խնդրում էր նաև հետաձգել դատական նիստը:
Դատական նիստը հետաձգելու վերաբերյալ դատախազը հայտնեց իր դժգոհությունը. «Պետք է փաստենք, որ արդեն 10 դատական նիստ չի կայանում՝ պաշտպանների չներկայանելու պատճառով ու դա կապ չունի՝ հարգելի է պատճառը, թե անհարգելի»:
Դատարան էին եկել գործով երեք վկա՝ Հրաչյա Պետրոսյանը, Մարինե Սվաջյանը և Արփինե Իվանյանը: Նրանք այդպես էլ վկայություն չտվեցին, քանի որ պաշտպանի դատական նիստին չներկայանալու հանգամանքը դատարանը դիտարկեց որպես հարգելի և հերթական անգամ հետաձգեց դատական նիստը մինչև մարտ ամիս:
Նշենք նաև, որ որպես խափանման միջոց՝ Արա Կիրակոսյանի նկատմամբ ընտրվել է կալանավորումը, իսկ Հարություն Խալաթյանի նկատմամբ ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net