«Պիտի մարդ մեռնի՞, որ հավատաք». դատավորի վիճակը վատացել է դատական նիստի ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, շարունակվեց նույն դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի  կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու գործի քննությունը:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափով  կաշառք:

Այս գործով որպես մեղադրյալ անցնում է նաևփաստաբան Էլզա  Զաքարյանը, որին  մեղադրանք  է առաջադրվել այն բանի համար, որ նա, ենթադրյալ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն:

Պաշտպան Վարդուհի Էլբակյանը  դատական նիստի հենց սկզբում հայտարարություն արեց իր պաշտպանյալ  Իշխան Բարսեղյանի առողջական վիճակի վերաբերյալ․ «Այսօր առավոտյան հանդիպել եմ բժշկին, ով բանավոր տեղեկացրել է, որ, ըստ այդ հետազոտության, պարոն Բարսեղյանը ստացել է կաթված, որի համար անհրաժեշտ է կլինիկական բուժում: Հայնատբերվել են բազմաթիվ կիստաներ, ինչպես նաև արյան շրջանառության արտահայտված անբավարարություն»:

Պաշտպանը դատարանին խնդրեց շտապօգնություն հրավիրել դատարան: Իշխան Բարսեղյանն այդ պահին նույնպես հայտարարություն արեց. «200/100 է եղել ճնշումս կես ժամ առաջ, և ես չեմ կարող այս պահին մասնակցել դատական նստին: Պիտի անպայման մարդ մեռնի՞, որ հավատաք»:

Այսպիսով, ընդմիջում հայտարարվեց, որպեսզի Իշխան Բարսեղյանը շտապ օգնության բժիշկների կողմից զննում անցնի:

Բժշկական զննությունից հետո բժիշկը հայտարարություն արեց դատարանում Իշխան Բարսեղյանի առողջական վիճակի վերաբերյալ: Ասաց, որ ճնշումը եղել է 160/90 տատանողականությամբ, սակայն վիճակը գնահատվել է բավարար:

Սակայն Իշխան Բարսեղյանն ասաց, որ իրեն լավ չի զգում և չի կարող նիստին մասնակցել:
Այսպիսով, բժշկական միջամտությունը  ձեռնարկելու փորձն այնքան էլ արդյունավետ չանցավ, քանի որ Իշխան Բարսեղյանի առողջական վիճակը, ըստ նրա խոսքի, չի բավարարել  և չի կարող այդ վիճակում շարունակել դատական նիստին ապահովել իր ներկայությունը:

Այդ խնդրի վերաբերյալ մի փորք վիճակը թեժացավ և տևական ժամանակ Իշխան Բարսեղյանի ու դատարանի միջև զրույց էր ընթանում բժշկական միջամտության վերաբերյալ:
 Իշխան Բարսեղյանը շարունակում էր պնդել, որ իրեն լավ չի զգում, իսկ դատարանը շարունակում էր պնդել, որ բժիշկը նրա վիճակը գնահատել է բավարար: Դատարանն ասաց, որ նիստն արդեն մեկ տարի է, ինչ ձգձգվում է և այդ արտահայտությանն ի պատասխան՝  Իշխան Բարսեղյանը դատարանին ասաց. «Ի՞նչ է , լավ չե՞ք զգում, որ նիստը ձգձգվում է»:

Այսպիսով, դատարանը կրկին ընդմիջում հայտարարեց, որից հետո պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարնին հայտարարեց, որ Իշխան Բարսեղյանը միջնորդություն ունի ներկայացնելու, սակայն այն այս պահին չի կարող անել, քանի որ իրեն լավ չի զգում:  Եվ միջնորդություն ներկայացրեց, որ հետաձգվի դատական նիստը։

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանն ասաց, որ անձի առողջական վիճակի վերաբերյալ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ առարկություն չունի:

Պաշտպան Արա Ղազարյանն ասաց, որ Իշխան Բարսեղյանի հետ առանձնազրույց ունենալուց հետո հասկացել է, որ վիճակը դատարանի դահլիճում կարող է դուրս գալ վերահսկողությունից և միջնորդություն ներկայացրեց նիստը հետաձգելու վերաբերյալ:

Դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժիշկը վերջնական  պատասխան չտվեց Իշխան Բարսեղյանի նիստին մասնակցելու հնարավորության վերաբերյալ, որոշեց դատական նիստը հետաձգել և հաջորդ նիստի օր նշանակել հաջորդ հինգշաբթի:

Նշնեք, որ Իշխան Բարսեղյանի գործով պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել այն մասին, որ ամբողջությամբ բեկանվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի  ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանի քրեական գործով վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը՝ քննության առնելու մասին 21.12.2017թ. կայացված որոշումը և կայացնել  ակտ՝  բավարարելով միջնորդությունը՝  դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

Իրավաբան.net-ի հետ զրույցում ներկայացված բողոքի վերաբերյալ Իշխան Բարսեղյանի պաշտպան Արա Ղազարյանն ասաց. «Բողոքն առնչվում է բոլոր դատավորներին: Գտնում ենք, որ քրեական օրենսգրքի 311 հոդվածի  4-րդ մասի 3-րդ կետը, որը սահմանում է կաշառք վերցնելը դատավորի կողմից առավել խիստ պատիժ է նախատեսում: Այն խտրական է իր բնույթով, որովհետև բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկից (իսկ ցանկը շատ մեծ է) ընտրել են միայն դատավորին: Ինչո՞վ է դա բացատրվում: Եթե մենք հարցին մոտենանք հանրային մոտեցման տեսանկյունից, ապա բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնատար անձիք կան, մանավանդ, քաղաքական պաշտոն զբաղեցնող՝  նախագահ, նախարարներ և այլն, որոնց կողմից կաշառք վերցնելն ավելի մեծ վտանգավորություն կարող է ունենալ, քան տվյալ գործով՝ մեր դեպքում դատավորի գործով: Այսինքն, եթե նորից մենք կարող ենք մատնացույց անել մեկ բացառություն կամ տասը բացառություն սահմանված կանոնով, նշանակում է այդ կանոնը չպետք է գործի: Նշանակում է պետք է  ոչ թե դատավորի կողմից կաշառք վերցնելը դիտել առավել ծանր հանցագործություն, այլ ընդհանրապես բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից: Այդ դեպքում արդեն այդ թիրախավորումը կամ բոլորի միջից մեկին վերցնելն արդեն անհավասար վիճակ չի ստեղծի, իսկ այս պահին ստացվում է, որ  օրենքը կարգավորում է անհավասար կերպով, որը օբյեկտիվ հիմք չունի»:

Պաշտպան Արա Ղազարյանը գտնում է, որ եթե չկա օբյեկտիվ հիմք, ուրեմն տարբերակված կարգավորումը խտրական է:

Վերջում հիշեցնենք, որ այս գործով որպես իրեղեն ապացույցներ են առգրավվել՝  1000 ԱՄՆ դոլարը, բամբակե խծուծները, քիմիական մատիտն ու քիմիական փոշին, Իշխան Բարսեղյանի բաճկոնը, նրա  մոտից հայտնաբերված և առգրավված 2 բջջային հեռախոսները, ինչպես նաև որպես այլ փաստաթղթեր` ապացույց ճանաչված 5 լազերային սկավառակները և  ծառայողական վկայականը:

Իշխան Բարսեղյանը կալանավորված է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել