Արա Զոհրաբյանի դիպլոմն անվավեր ճանաչելու հայցադիմում ներկայացրած 20 փաստաբանից որևէ մեկը չէր ներկայացել դատարան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, մեկնարկեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի դիպլոմն անվավեր ճանաչելու հայցապահանջով դատավարությունը։

Փաստաբանների պալատի 20 անդամ փաստաբան հայցադիմում են ներկայացրել  դատարան՝ ընդդեմ  Երևանի  «Գլաձոր համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվի, Երևանի «Գլաձոր» համալսարան ուսումնաարտադրական կոոպերատիվի ավարտական քննական հանձնաժողովի 12.06.1999թ. որոշումը` քաղաքացի Արա Զոհրաբյանին իրավաբանի որակավորում տալու վերաբերյալ և նույն ուսումնաարտադրական կոոպերատիվի կողմից 14.06.1999թ. քաղաքացի Արա Զոհրաբյանին տրված թիվ 000640 դիպլոմն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Նշենք, որ հայցադիմում ներկայացրած 20 փաստաբանից ոչ ոք չէր ներկայացել այսօր տեղի ունեցած նախնական դատական նիստին:

Հայցադիմում ներկայացրած փաստաբաններն են  Տիգրան  Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը ,Քրիստինա  Գևորգյանը, Դավիթ  Գյուրջյանը Արայիկ  Պապիկյանը,  Նինա  Կարապետյանցը, Վահե  Մակյան, Մարատ  Կոստանյանը, Մուշեղ  Շուշանյանը, Արթուր Գրիգորյանը, Կարեն Մկրտչյանը, Ծովինար Բալայանը,  Լուսինե  Սահակյանը, Արմեն Սողոմոնյանը, Դիանա Գրիգորյանը, Վահե Գրիգորյանը,  Զորայր Հարությունյանը,  Գեորգի Մելիքյանը, Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը:

Գործով ներգրավված 3-րդ անձ հանդիսացող պաշտպանության նախարարությունից, կրթության ու գիտության նախարարությունից նույնպես ոչ ոք նիստին չէր նեկայացել, սակայն դատարանին գրություն էր ուղարկվել, որով մասնավորապես հաղորդվում էր գործը քննել իրենց բացակայությամբ: Այդ մասով «Գլաձոր» համալսարանից գործով որպես պատասխանողի ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանը դատարանին հայտարարեց, որ առարկություն չունի:

Այդպիսով, դատարանը որոշում կայացրեց նիստը քննել առանց 3-րդ անձանց։

Նշենք, որ այս գործում Արա Զոհրաբյանը ներգրավված է որպես երրորդ անձ:

Ինչ վերաբերում է հայցադիմում  ներկայացրած  փաստաբանների բացակայությանը, պատասխանող կողմի ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանն այդ մասով միջնորդություն ներկայացրեց. «Նախ, ցանկանում եմ ասել, որ հայցվորների կազմը մեծաթիվ է, և նրանցից որևէ մեկը չի ներկայացել նախնական դատական նիստին, և ես դրանում միտում եմ տեսնում դատական նիստը հետաձգելու հետ կապված: Խնդրին այն է, որ ներկայացված միջնորդություններից առնվազն երկուսին կցված չէ որևէ ապացույց այլ դատարանում գործի քննությանը մասնակցելու վերաբերյալ: Կցված է միայն մեկ ապացույց, որքանով հիշում եմ այն, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը ժամը 11-00-ին լինելու է այլ դատարանում քրեական գործով նիստի: Մեր դատական նիստը նշանակված է եղել ժամը 12-00-ին: Կարծում եմ, այդ ապացույցների բացակայությունը և այդօրինակ թերի ապացույցների առկայությունը հիմք է տալիս, որպեսզի մի բան արձանագրեմ. հայցվորներն ուղղակի չեն ներկայացել դատարան հարգելի որևէ պատճառով: Կարծում եմ, նրանց բացակայությունը պետք է մեկնաբանվի որպես անհարգելի և գործի քննությունը շարունակել: Ավելին, դատավարության օրենսգրքով նման հետաձգման հիմք գոյություն չունի: Եղել են դեպքեր, երբ այլ դատական գործերով մենք ստիպված ենք եղել նիստ հետաձգել, սակայն մենք բարեխղճորեն փորձել ենք ապացուցել մեր բացակայության պատճառը: Գալիս եմ այն համոզման, որ ապացույց չներկայացնելու հիմքով դատական նիստը պետք է շարունակվի»:

Դատարանը  որոշեց նիստը հետաձգել և դա բացատրեց հայցվորների՝ նիստին ներկա լինելու ցանկությամբ, օբյեկտիվության և մրցակցության հավասար պայմանների պահպանմամբ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարին;

Իրավաբան.net-ի այն հարցին, թե ՝  ինչպե՞ս կմեկնաբանի փաստաբանների արված հայտարարությունը, թե Արա Զոհրաբյանը, պարտաճանաչ կատարելով իր պարտքը հայրենիքի առջև, չէր կարող հանձնել և չի հանձնել անձամբ այդ ընթացքում ստուգարքները և  քննությունները Երևանի «Գլաձոր» համալսարանում, ուստի նա չէր կարող և իրավունք չի ունեցել 1999 թվականին մասնակցելու ավարտական քննություններին, որի պատճառով նրան շնորհված իրավաբանի որակավորումը և տրված դիպլոմը պետք է ճանաչվի անվավեր, պատասխանող կողմի («Գլաձոր համալսարան) ներկայացուցիչ Վահագն Բալաբեկյանն ասաց.

«Այդ  պայմանական ասված խնդիրը ինչո՞վ է խնդիր: Այսինքն, այն ի՞նչ իրավական ակտի է հակասում: Այդ խնդիրը հայցադիմումում բացահայտված չէ: Նրանք կարող էին այսօր գալ և բացահայտել, սակայն նրանց խոսքը լսելու հնարավորություն էլ չունեցանք, քանի որ չէին ներկայացել նիստին: Ինչի՞ն է հակասում նրա ծառայության տարիներին ուսումնառությունը: Փաստեր են նշել, որոնցից, ի դեպ, մի շարք փաստեր մենք ընդունել ենք: Մասնավորապես, որ Արա Զոհրաբյանը ծառայել է, դիպլոմ է ստացել: Մնացած փաստերը ենթադրական են: Եթե փաստարկը պետք է հիմնված լինի կամ բխի օրենքից, ապա նրանց կողմից այդպիսի փաստարկ հայցադիմում նշված չէ»:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net               

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել