Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի և «Պարտեր» ընկերության գնահատող Հարություն Խալաթյանի գործով դատավարությունը, սակայն վերջինիս պաշտպանը չէր ներկայացել դատարան՝ առողջական խնդիրների պատճառով։
Մեղադրողը նշեց, որ արդեն յոթ ամիս է պաշտպանի կամ վկաների բացակայության պատճառով նիստը հետաձգվում են: Դատախազն առաջարկեց, որ պատշաճ ձևով ևս մեկ անգամ վկաներին ծանուցեն դատավարության օրվա և ժամի մասին:
Նիստի ժամանակ, երբ քարտուղարուհին ներկայացնում էր գործով վկաների բացակայության հիմնապատճառները, կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Արա Կիրակոսյանին ուղկեցող ոստիկան ենթասպան շշուկով զրուցում էր Արա Կիրակոսյանի հետ: Գործով նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը նկատեց և նկատողություն արեց ենթասպային, ասելով․ «Մտերմիկ հարաբերությունների մե՞ջ եք, որ զրուցում եք նիստի ժամանակ»:
Ամբաստանյալը պատասխանեց, որ իր մեղավորությունն է դա։ Դատարանն արգելեց, որ հաջորդ անգամ այդ ենթասպան ուղեկցի ամբաստանյալին՝ կալանավայրից դեպի դատարան։
Նշենք, որ Արա Կիրակոսյանի դեմ քննվող սա հերթական գործերից մեկն է։ Այս գործով, Արա Կիրակոսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նպատակ է ունեցել «Հայբիզնեսբանկ»-ում իր անվամբ ձևակերպված 344.000 դոլարի վարկը մարել, ինչպեսև իր քրոջ ամուսնուն պատկանող Մոսկվայում գրանցված «Էրմանո» ընկերության ունեցած 101.000 դոլար վարկային պարտավորությունների կատարումը հետաձգել։ Եվ նպատակն իրագործելու համար օգտագործել է իր կարգադրիչ լիազորությունները (եղել է այդ բանկի վարչության նախագահը), 2013 թվականի փետրվարին հրավիրել է վարչության արտահերթ նիստ, որի ժամանակ ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում, որի համափայն «Էրմանո» ընկերությանը 445.000 դոլար վարկի տրամադրումը հաստատվել է։
Մյուս ամբաստանյալ Հարություն Խալաթյանը, ով եղել է «Պարտեր» ընկերությունում անշարժ գույքի գնահատող, մեղադրվում է այն բանի համար, որ 2012 թվականի հուլիսի 27-ին հաշվետվությամբ` Ափնագյուղում գտնվող անասնագոմը գնահատել է իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող և շուկայական արժեքից զգալիորեն բարձր` 123 միլիոն դրամ՝ լիկվիդացիոն արժեքով, այնինչ դրա իրական լիկվիդացիոն արժեքը կազմել է ընդամենը 12.8 միլիոն դրամ։
Իրավաբան.net-ի հետ զրույցում Արա Կիրակոսյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ գործի վերաբերյալ չի կարող որևէ տեղեկություն հաղորդել, քանի որ չունի իր պաշտպանյալի համաձայնությունը։
Նշենք, որ նույն դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվել է մեկ այլ՝ փողերի լվացման գործը, և Արա Կիրակոսյանը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ ատյանում։
Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net